Հայտարարվում է ուսանող-փորձագետների մրցույթ. ժամկետները սեղմ են

29.10.2018
Դիտումների քանակ՝ 1372

ՀՊՏՀ որակի ապահովման բաժինը հայտարարում է ուսանող-փորձագետների մրցույթի մասին՝ ստորև բերված հայտարարությունում ներկայացնելով մանրամասները:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳԻՐ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ուսումնական գործընթացի որակի ապահովման նպատակով ձևավորում է մասնագիտական ծառայություններ մատուցող փորձագիտական խումբ։

II. ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿ

Փորձագիտական խմբի գործունեության շրջանակն ընդգրկելու է՝
1. կրթական ծրագրերի մշակման գործընթացում խորհրդատվության և մեթոդական աջակության տրամադրում,
2. մշակվող կրթական ծրագրերի կառուցվածքի և բովանդակության փորձագիտական գնահատում՝ ըստ արտաքին ու ներքին գործող չափանիշների և չափորոշիչների, կարգերի ու ընթացակարգերի,
3. ուսումնական գործընթացի (դասավանդում, ուսումնառություն և գնահատում) մշտադիտարկում և գնահատում,
4. դասընթացների իրականացման գնահատման նպատակով ուսանողական հարցումների անցկացում ՀՊՏՀ համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների հետ միասին և հարցումների արդյունքների վերլուծություն,
5. ինստիտուցիոնալ և մասնագիտության կրթական ծրագրերի հավատարմագրման աշխատանքներին մասնակցություն ու աջակցություն՝ ըստ մասնագիտական կրթության հավատարմագրման հաստատված չափանիշների,
6. պայմանագրի գործողության ընթացքում, ըստ սահմանված ժամանակացույցի, մեթոդական փաստաթղթերի մշակում:

III. ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԽՄԲԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԿԱԶՄ

7. Փորձագիտական խումբը ձևավորվում է 1 տարի ժամկետով մրցութային կարգով։ Ուսանող-փորձագետների ընտրությունը կատարվելու է մրցութային հանձնաժողովի կողմից՝ թեկնածուների (հավակնորդների) ինքնակենսագրականների (CV) և նրանց հետ հարցազրույցի արդյունքների հիման վրա:
8. Ուսանող-փորձագետի թեկնածուն պետք է բավարարի հետևյալ պահանջներին՝
• ունենա կրթության որակի ներքին և արտաքին ապահովման գործընթացների ու համակարգերի վերաբերյալ գիտելիք (կրթության որակի ներքին և արտաքին ապահովման գործընթացներին մասնակցության փորձը կդիտվի որպես առավելություն),
• տիրապետի առնվազն 2 օտար լեզվի՝ ներառյալ ռուսերենը։

IV. ՈՒՍԱՆՈՂ-ՓՈՐՁԱԳԵՏԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ուսանող-փորձագետը պարտավորվում է`
9. պատշաճ իրականացնել երկրորդ բաժնում սահմանված գործողությունները,
10. կատարված բոլոր աշխատանքների վերաբերյալ կազմել հաշվետվություն և ներկայացնել ՀՊՏՀ Որակի ապահովման բաժին
11. պահանջի դեպքում վերացնել անճշտությունները և թերությունները:
Փաստաթղթերն ընդունվում են ՀՊՏՀ անձնակազմի կառավարման բաժնում՝ սույն թվականի հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 30-ը ներառյալ։