Դասընթացի հրավեր Պետական եկամուտների կոմիտեից
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն կադրային քաղաքականությունը բարելավելու և որակյալ կադրերով համալրելու համար նախաձեռնել է ուսումնական դասընթաց, ընդհանուր վեց ամիս տևողությամբ, որից չորս ամիսը լինելու է դասընթացի տեսական, իսկ երկու ամիսը՝ գործնական փուլ:
Դասընթացի տեսական փուլը ներառելու է ընդհանուր գիտելիքներ հարկային օրենսդրության վերաբերյալ, ինչպես օրինակ՝ հարկման համակարգերը, հարկատեսակները, ինչպես նաև գիտելիքներ հարկային իրախախտումների վերաբերյալ, այդ թվում՝ հարկային չարաշահումներ, տնտեսական հանցագործությունների քննության մեթոդիկա, հարկային հանցագործությունների կանխման և բացահայտմանն ուղղված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հակակոռուպցիոն վարքագիծ և այլն: Դասընթացի տեսական փուլը բարեհաջող ավարտելուց հետո ունկնդիրները երկամսյա փորձաշրջան են անցնելու համապատասխան ստորաբաժանումում, որի հաջող արդյունքի դեպքում կստանան հավաստագիր: ՊԵԿ-ը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություն, որի ընդունման դեպքում հավաստագրի հիման վրա հնարավոր կլինի նշանակվել հարկային կամ մաքսային ծառայության համապատասխան պաշտոնում: Մինչև օրենսդրական նախաձեռնությունը, հավաստագիր ստացած անձինք կարող են ընդհանուր հիմունքներով մասնակցել թափուր հաստիքի մրցույթին:
Ծրագրի շրջանակում դասավանդելու են պրակտիկ փորձ ունեցող մասնագետներ՝ ինչպես հարկային, այնպես էլ քրեադատավարական ոլորտից:
Նշված նախաձեռնությանը մասնակցելու համար կարող են դիմել իրավաբանի կամ տնտեսագետի բակալավրի որակավորում (դիպլոմ) ունեցող, ինչպես նաև անգլերեն և ռուսերեն լեզուների բավարար իմացություն ունեցող անձինք:
Ծրագրի շրջանակում նախապատվություն կտրվի կանանց և մարզերում բնակվող ուսանողներին, որոնք պատրաստակամ են աշխատել տվյալ մարզի տարածքում:
Նախաձեռնությամբ հետաքրքրված ուսանողները, որոնք ցանկանում են ծանոթանալ դասընթացի պայմաններին (դասընթացի գումարը նախնական տվյալներով կազմելու է 200 հազար դրամ, հնարավոր է նաև՝ առանձին դեպքերում անվճար) կարող են իրենց ինքնակենսագրականը, մոտիվացիոն նամակը ուղարկել էլ.փոստի հետևյալ հասցեին trainingcenter@taxservice.am :
Տեղեկատվությունը՝ ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից: