2024 թ․ տնտեսագիտության Նոբելյան մրցանակը՝ Տարոն Աճեմօղլուին և գործընկերներին

14.10.2024
Դիտումների քանակ՝ 518

Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան այսօր հրապարակել է տնտեսագիտության բնագավառի 2024 թվականի դափնեկրի անունը և որոշել  2024 թվականի Ալֆրեդ Նոբելի հիշատակին նվիրված տնտեսական գիտությունների մրցանակը շնորհել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ներկայացուցիչներ Տարոն Աճեմօղլուին և Սայմոն Ջոնսոնին, ինչպես նաև Չիկագոյի համալսարանի գիտնական Ջեյմս Ռոբինսոնին՝ «համակարգերի ձևավորման և դրանց ազդեցությունը բարեկեցության վրա» ուսումնասիրությունների համար:

Նոբելյան կոմիտեի պաշտոնական կայքում այսօր հրապարակված մամուլի հաղորդագրության համաձայն, դափնեկիրների աշխատանքները բացահայտում են, թե ինչպես են հասարակական ինստիտուտները նպաստում կամ խոչընդոտում երկրի տնտեսական զարգացմանը։ Համաձայն ուսումնասիրությունների՝ թույլ իրավական համակարգ և շահագործող ինստիտուտներ ունեցող երկրներում տնտեսական աճը ցածր է, մինչդեռ ներառական քաղաքական և տնտեսական համակարգերը, որոնք հնարավորություն են ընձեռում բոլոր քաղաքացիներին մասնակցել որոշումների կայացմանը, ապահովում են երկարաժամկետ բարեկեցություն։

Աճեմօղլուի, Ջոնսոնի և Ռոբինսոնի ուսումնասիրությունները հատկապես կարևոր են գաղութացման ազդեցության ուսումնասիրության գործում։ Գաղութացման ժամանակահատվածում ձևավորված տարբեր ինստիտուտները երկրներին առաջնորդել են տարբեր ուղիներով։ Այն վայրերում, որտեղ ներդրվել են ներառական ինստիտուտներ, երկրները աստիճանաբար հասել են տնտեսական բարեկեցության, մինչդեռ շահագործող համակարգերը  աղքատության պատճառ են հանդիսացել։

Գիտնականների կատարած հետազոտությունները կարևոր են եկամտային անհավասարության և զարգացման տարբերությունների ուսումնասիրության համար, ինչպես նաև օգնում են հասկանալ, թե ինչու են որոշ երկրներ ավելի զարգացած, քան մյուսները։