Մատուցվեց հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Արցախյան գոյամարտում նահատակված և կյանքից հեռացած ՀՊՏՀ-ականների (լուսանկարային շարք)

27.12.2020
Դիտումների քանակ՝ 1898

Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում այսօր Սուրբ Պատարագից հետո կատարվեց հոգեհանգստյան կարգ` ի հիշատակ Արցախյան գոյամարտում նահատակված ՀՊՏՀ ուսանողների, շրջանավարտների և 2020թ. կյանքից հեռացած դասախոսների: Ոգեկոչման և հիշատակի արարողությանը մասնակցում էին Տնտեսագիտական համալսարանի կոլեկտիվը` ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանի գլխավորությամբ, նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանը,  ուսանողներ, զոհված ուսանողների և դասախոսների ընտանիքի անդամները, հարազատները:

Մատուցելով հոգեհանգստյան կարգը` եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Առնակ քահանա Հարությունյանը , դիմելով ներկաներին, նշեց, որ այսօր ՀՊՏՀ կոլեկտիվն ու ուսանողները, որպես մեկ հավաքականություն, եկեղեցում են` Աստծո հետ հաղորդակցվելու և իրենց աղոթքը հղելու առ Աստված` ի հիշատակ նահատակների և կյանքից հեռացած գործընկերների: Հոգևոր սպասավորները և ներկաները միասնական աղոթք հնչեցրին, ապա քահանան անուն առ անուն հիշատակեց բոլոր ՀՊՏՀ-ականներին:

Անցնող տարում կյանքից հեռացան տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսորներ Գրիգոր Կիրակոսյանը, Աշոտ Սալնազարյանը, Վարդան Սարգսյանը, աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Մելքումյանը, քիմիական գիտությունների թեկնածու, դոցենտներ Ռազմիկ Պետրոսյանը, Գագիկ Չատինյանը, տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսոր Իշխան Խլղաթյանը, տնտեսագիտության թեկնածուներ Մկրտիչ Գյուլգյուլյանը, Ռուբեն Ալոյանը, ֆիզդաստիարակության,  արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Կառլեն Սարգսյանը: ՀՊՏՀ վաստակաշատ գիտնականները և երախտավորները կյանքից հեռացան` գործընկերներին և ուսանողներին թողնելով իրենց վառ հիշատակը, այն մեծ անունը, որը ձեռք էին բերել սերունդների կրթմանն ու դաստիարակմանն ուղղված անչափ կարևոր առաքելությունն իրականացնելով:

Սեպտեմբերի 27-ին մեկնարկած արյունալի պատերազմը նոր վերք բացեց բոլորիս սրտերում: Մեր համալսարանի փայլուն ուսանողները, շրջանավարտները զոհվեցին հայրենիքի պաշտպանության սուրբ պարտքը կատարելիս: Նրանք ընկան հերոսի մահով` մեզ բոլորիս պարգևելով ինչպես հպարտության անասելի պահեր, այնպես էլ սրտի խորը կսկիծ: Նրանց անունները ոսկե տառերով կգրվեն ինչպես մեր բոլորի սրտերում, այնպես էլ մեր համալսարանի նորագույն պատմության մեջ:

Պատերազմում զոհված մեր ուսանողներն են`

  • Մարգարյան Կարեն Վահրամի, ֆինանսական ֆակուլտետ, ֆինանսներ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող: Տավուշի մարզի Պառավաքար գյուղից, ծնված 2000թ., ժամկետային զինծառայող էր, մարտական գործողություններին մասնակցել ու զոհվել է Քելբաջարում: Ուներ սերժանտի կոչում, արժանացել էր «Բանակի գերազանցիկ», «Քաջարի մարտիկ» կոչումների:
  • Սերոբյան Զաքար Սուրենի, ֆինանսական ֆակուլտետ, ֆինանսներ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող: Արարատի մարզի Արալեզ գյուղից, ծնված 1997 թ., սեպտեմբերի 29-ին առաջնագիծ էր մեկնել որպես կամավոր, պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձել էր նախորդ տարի: Մարտական գործողություններին մասնակցել ու զոհվել է Ջրականում (Ջեբրաիլ):
  • Մուրադյան Միքայել Դավիթի, ֆինանսական ֆակուլտետ, ֆինանսներ մասնագիտության 1-ին կուրսի ուսանող: Արցախի Հադրութ քաղաքից, ծնված 2001թ. ժամկետային զինծառայող էր, բանակ էր զորակոչվել 2020թ. հունվարին:
  • Միքայելյան Խաչատուր Առնակի, ֆինանսական ֆակուլտետ, ֆինանսներ մասնագիտության հեռակա 2-րդ կուրսի ուսանող: Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից, ծնված 2001թ.,ժամկետային զինծառայող էր, բանակ էր զորակոչվել 2020թ. հունվարին:
  • Արշակյան Հայկ Արամի, կառավարման ֆակուլտետ, կառավարում մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող: Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից, ծնված 2001թ., ժամկետային զինծառայող էր, բանակ էր զորակոչվել 2020 թ. հունվարին, մարտական գործողություններին մասնակցել ու զոհվել է Հադրութում: Ուներ ավագ սերժանտի կոչում, օրինակելի ծառայության համար արժանացել էր 2 մեդալի:
  • Մարտիրոսյան Արտակ Արայիկի, կառավարման ֆակուլտետ, կառավարում մասնագիտության հեռակա 2-րդ կուրսի ուսանող: Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից, ծնված 2001 թ., ժամկետային զինծառայող էր, բանակ էր զորակոչվել 2020 թ. հունվարին, մարտական գործողություններին մասնակցել ու զոհվել է Մարտունիում:
  • Բախշյան Ալբերտ Արմենի, կառավարման ֆակուլտետ, կառավարում մասնագիտության 2-րդ կուրս: Երևան քաղաքից, ծնված 2001 թ., ժամկետային զինծառայող էր, բանակ էր զորակոչվել 2019 թ. դեկտեմբերին, մարտական գործողություններին մասնակցել ու զոհվել է Մատաղիսի շրջանում:
  • Եղիազարյան Հայկ Արթիկի, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, մարքեթինգ մասնագիտության հեռակա 1-ին կուրսի ուսանող: Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքից, ծնված 2000 թ., ժամկետային զինծառայող էր, բանակ էր զորակոչվել 2019թ. հունվարին, մարտական գործողություններին մասնակցել ու զոհվել է Հադրութում:
  • Հովհաննիսյան Հարութ Արտակի , մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, մարքեթինգ մասնագիտության 1-ին կուրսեցի: Վայոց ձորի մարզի Վայք քաղաքից, ծնված 2001 թ., ժամկետային զինծառայող էր, զինվորագրվել էր 2020 թ. հունվարին, մարտական գործողություններին մասնակցել ու զոհվել է Հադրութում:
  • Առաքելյան Արեն Մարատի, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, մարքեթինգ մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող: Լոռու մարզի Վանաձոր քաղաքից, ծնված 2000թ., ժամկետային զինծառայող էր, բանակ էր զորակոչվել 2019թ. հունվարին, մարտական գործողություններին մասնակցել ու զոհվել է Մարտունիում:
  • Ղուկասյան Սերյոժա Մամիկոնի, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, մարքեթինգ մասնագիտության հեռակա 2-րդ կուրսի ուսանող: Արմավիրի մարզի Լենուղի գյուղից, ծնված 1996 թ., առաջնագիծ էր մեկնել սեպտեմբերի 28-ին` որպես պահեստազորային, հրետանավոր էր, մարտական գործողություններին մասնակցել ու զոհվել է Մարտունու շրջանում («Կարմիր շուկա»):
  • Մեխակյան Համլետ Կարենի , կառավարման ֆակուլտետ, հեռակա 1-ին կուրսի ուսանող: Արագածոտնի մարզի Կոշ գյուղից էր, ծնված 2002 թ.: Բանակ էր զորակոչվել 2020 թ. օգոստոսի 31-ին: Ընդամենը 2 ամսվա ծառայող էր, երբ պատերազմն սկսվեց: Ծառայել է Մատաղիսում:
  • Գրիգորյան Դավիթ Լյովայի , ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող: Պատերազմում աներևակայելի սխրանքների համար արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչմանը: Նա սեպտեմբերի 27-ին հասցրել էր Կարախամբելի –Ֆիզուլիի հատվածում 15 տանկ և մեկ միավոր հետևակային մարտական մեքենա խոցել։
  • Գրիգորյան Արամ Էռնեստի, ծնված 2002թ:
  • Մաթևոսյան Գրիշա Վահանի, ծնված 2000թ. / հուլիսյան դեպքեր /Տավուշ/
  • Արթուր Սիմիկյան Միքայելի, ծնված 2001 թ․
  • Մեսրոպյան Ռոբերտ Արկադիի, ծնված 2001թ.

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղից`

  • Մանուկյան Պավել Հարությունի, ԳՄ կառավարում մասնագիտության հեռակա 1-ին կուրսի ուսանող: Շիրակի մարզի Գյումրի քաղաքից, ծնված 2001 թ., ժամկետային զինծառայող էր, բանակ էր զորակոչվել 2019թ. հուլիսին: Մարտական գործողություններին մասնակցելիս զոհվել է Ջրականում (Ջեբրաիլ): Ուներ սերժանտի կոչում:

Արցախա-ադրբեջանական պատերազմում հերոսի մահով ընկան նաև մեր բուհի տարբեր տարիների շրջանավարտները, որոնցից մեզ հայտնի են հետևյալ անունները`

  • Վահե Աշոտի Վերդյան, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ, կառավարման տեղեկատվական համակարգեր, մագիստրոս
  • Հակոբ Ռաֆայելի Հակոբյան, կառավարման ֆակուլտետ, գործարար կառավարում մասնագիտության մագիստրոս
  • Էրիկ Գաբրիելի Սայադյան, ՀՊՏՀ Եղեգնաձորի մասնաճյուղ, 2020թ. շրջանավարտ, ֆինանսներ մասնագիտություն
  • Ավետիս Ավետիսյանը, 2003-2008 թթ. տնտեսագիտության տեսություն մասնագիտության շրջանավարտ
  • Աշոտ Կոստյայի Մաթևոսյան, Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի շրջանավարտ, սովորել էր 1994-1999 թթ. (մասնագիտությունը` «Նյութական ռեսուրսների կառավարում և արտադրական միջոցների մեծածախ առևտրի կազմակերպում»):

Արարողությունից հետո ՀՊՏՀ զոհված ուսանողների ծնողներին և հարազատներին մոտեցավ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և ցավակցության ու մխիթարանքի խոսքեր ասաց նրանց:

Մեր խոնարհումն ենք բերում ՀՊՏՀ դասախոսներին, ուսանողներին և շրջանավարտներին: Սիրելիներ, ձեր անունը միշտ վառ կմնա մեր սրտում:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին