«Ամբերդ»-ի հետազոտողն այցելել է Կրակովի տնտեսագիտական համալսարան

12.03.2024
Դիտումների քանակ՝ 586

Փետրվարի 19-22-ը ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի կրտսեր հետազոտող Ռուզաննա Թադևոսյանը «Էրազմուս+» փոխանակման ծրագրի շրջանակում գտնվել է Լեհաստանի Կրակովի տնտեսագիտական համալսարանում։ Այցի նպատակը տեղի հետազոտողների հետ փորձի փոխանակումն էր և նոր համագործակցային հարաբերությունների հաստատումը։

Ռուզաննա Թադևոսյանը ծանոթացել է համալսարանի գործունեությանը, հետազոտական աշխատանքների ուղղություններին, ինչպես նաև հետազոտողի աշխատանքի կազմակերպման ձևերին և մոտեցումներին։

Մեր գործընկերը մասնակցել է մի շարք միջոցառումների, այդ թվում՝ հանդիպել է նշված համալսարանի արտաքին կապերի բաժնի պատասխանատուների, միջազգային հետազոտական դրամաշնորհների նախագծերի կառավարչի և հետազոտողների հետ։

Ռուզաննա Թադևոսյանը asue.am-ի հետ զրույցում նշեց․ «Ավելի քան 16 հազար ուսանող ունեցող Կրակովի տնտեսագիտական համալսարանն ինձ բավականաչափ տպավորել է իր ակադեմիական միջավայրով, ներկայացուցչական կազմով, իր առջև դրված նպատակներով և դրանց իրագործման սկզբունքներով։ Այցելության արդյունքում ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ դիմելու փախստականների թեմայով հետազոտական դրամաշնորհի։ Իսկ ինչ վերաբերում է հետազոտական աշխատանքների կազմակերպմանը, ապա, համեմատելով մեր աշխատաոճի հետ, դիտարկել եմ ինչպես ընդհանրություններ, այնպես էլ տարբերություններ»։