ՀՊՏՀ-ակաները՝ ASECU Youth–2023-ի մասնակիցներ

04.09.2023
Դիտումների քանակ՝ 984

ՀՊՏՀ կառավարման ամբիոնի ասիստենտ Գագիկ Բադադյանը, տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի ասիստենտ Կամո Դավթյանը, մարքեթինգի ամբիոնի ասպիրանտ Արև Մանուկյանը և կառավարման ամբիոնի մագիստրանտ Հասմիկ Ղամբարյանը ASECU-ի (Հարավարևելյան Եվրոպայի և Սևծովյան տարածաշրջանի տնտեսագիտական համալսարանների ասոցիացիա) հրավերով Հայաստանն ու Տնտեսագիտական մայր համալսարանն են ներկայացրել Հունաստանի Խիոս քաղաքի Էգեյան համալսարանի կողմից (University of the Aegean, Chios, Creece) կազմակերպված ASECU Youth–2023 ամառային դպրոցին և միջազգային գիտաժողովին։

Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած երիտասարդ գիտնականներին, հետազոտողներին և ուսանողներին համախմբած ամառային դպրոցը և միջազգային գիտաժողովն ընթացել են սույն թվականի օգոստոսի 6-13-ը՝ «Հանրային բարիքը՝ աճող անհամաչափությունների և համաշխարհային մարտահրավերների աշխարհում» (Common Good in a World of Increasing Asymmetries and Global Challenges) խորագրի ներքո։

Գագիկ Բադադյանը մասնակիցների համար դասախոսել է «Տարածքային անհամաչափ զարգացումը և դրա ազդեցությունը տնտեսական զարգացման վրա» թեմայով, իսկ Կամո Դավթյանը, Արև Մանուկյանը և Հասմիկ Ղամբարյանը ներկայացրել են հեղինակային հոդվածներ, որոնք կհրապարակվեն գիտաժողովի հոդվածների ժողովածուում։

ASECU Youth–2023-ը, բացի դասախոսություններից, մասնագիտական քննարկումներից, փորձի ու մտքերի փոխանակումից, հագեցած է եղել նաև մշակութային միջոցառումներով, այցելություններով պատմամշակութային վայրեր և, իհարկե, ծանոթություններով ու տարբեր երկրների ներկայացուցիչների ջերմ հաղորդակցությամբ։