ՀՊՏՀ–Ամիօ Բանկ․ ուսման վարձի փոխհատուցում և կարիերայի հեռանկարներ «Ամիօ Ժամանակաշրջան»-ից

12.06.2024
Դիտումների քանակ՝ 952

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ժ/պ Արմեն Գրիգորյանը և Ամիօ Բանկի Կորպորատիվ կենտրոնի տնօրեն, Վարչության անդամ Ազամատ Խակույն այսօր ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր՝ կարևորելով բարձրագույն կրթության դերը երկրի զարգացման գործում, կրթական ծառայությունների մատչելիությունն ու հասանելիությունը և այդ համատեքստում ուսանողներին տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրերի իրականացումը։

Համալսարանն ու բանկը ծրագրի շրջանակներում կհամագործակցեն ուսանողների ուսման վճարների փոխհատուցման գործում։ ՀՊՏՀ ուսանողներին կներկայացվի «Ամիօ Ժամանակաշրջան» ծրագիրը, որը ՀՊՏՀ բակալավրիատի 2-րդ, 3-րդ և 4-րդ կուրսի բարձր առաջադիմություն ունեցող (16 և բարձր ՄՈԳ) ուսանողներին հնարավորություն կընձեռի ստանալու 1 տարվա ուսման վարձի փոխհատուցում։ Բացի դրանից, լավագույնները բանկում փորձառություն անցնելու, ապա նաև աշխատանքի հնարավորություն կստանան։ Ծրագրի շրջանակում նախապատվությունը կտրվի սոցիալապես անապահով ընտանիքների ուսանողներին:

Ողջունելով հյուրերին՝ Արմեն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության համար և ասաց, որ ՀՊՏՀ-ն հատկապես կարևորում է ուսանողներին ուղղված աջակցության ծրագրերի շուրջ գործընկերությունը։ Բուհի ղեկավարն ընդգծեց, որ Տնտեսագիտական համալսարանում խրախուսում են լավ սովորելու և լավ ապագա կառուցելու հանգամանքը, թիմում աշխատելու ունակությունը։

Ազամատ Խակույը ևս շնորհակալություն հայտնեց համագործակցության պատրաստակամության համար և ընդգծեց, որ սա բանկի առաջին և մեծ հեռանկարներ ունեցող ծրագիրն է բուհերի հետ, և համալսարանների հետ համագործակցությունն անհրաժեշտ է ծրագրի բարելավման տեսանկյունից։

Բանկի մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի տնօրեն Լիլիթ Մաթևոսյանը մանրամասնեց, որ «Ամիօ Ժամանակաշրջան» ծրագիրը փորձնական և բանկի սոցիալական պատասխանատվության շրջանակներում է, որը միտված է կրթության զարգացմանը։ Այն իրականացվելու է 8 բուհերի հետ, նախատեսվում է ընտրել 25 ուսանող, հայտը լրացման համար բաց է մինչև հունիսի 29։ Ծրագրի մանրամասները հասանելի են ծրագրի պաշտոնական կայքում: