ՀՊՏՀ–Կոպեռնիկուս Բեռլին․ փորձառություն և տպավորություններ միջազգային դասընթացից

01.11.2023
Դիտումների քանակ՝ 1089

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և գերմանական «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի համագործակցության շրջանակում ՀՊՏՀ ուսանողներ Հայկանուշ Հովհաննիսյանը, Տիգրան Հարությունյանը, Լիլիթ Ենոքյանը, Աշխեն Հակոբյանը, Դիանա Մկրտչյանը և Սաթինե Դավթյանը սույն թվականի հոկտեմբերի 20-28-ը Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխ քաղաքում մասնակցել են «Կլիմա և տեղահանում։ Եվրո-արաբական կամուրջների կառուցում» (Climate & Displacement: Building Euro-Arab Bridges) խորագրով միջազգային դասընթացին։

Միջոցառմանը մասնակցել են «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի գործադիր տնօրեն Դավիթ Բուդաղյանը, ներկայացուցիչներ Ֆրանչեսկու Ռոբերտոն և Պալինա Հադույկան (դասընթացավար)։ 6 երկրների՝ Հայաստան, Վրաստան, Իտալիա, Իսպանիա, Գերմանիա, Եգիպտոս, 30 ներկայացուցիչներից 8-ը Հայաստանի պատվիրակներն են եղել, որոնցից 6-ը՝ ՀՊՏՀ-ից։

Մեր ուսանողների հավաստմամբ՝ ճամփորդությունն ու դասընթացը իրենց ծառայել են որպես նոր գիտելիքի, գործնական փորձառության, ծանոթությունների, միջանձնային շփումների և միջմշակութային կապերի հաստատման հրաշալի առիթ ու հնարավորություն։ Ոչ ֆորմալ կրթության ձևաչափում մասնակիցներն ունկնդրել են դասախոսություններ, մասնակցել քննարկումների, թիմային աշխատանք և բազմաբնույթ առաջադրանքներ կատարել։ Կլիմայի փոփոխության, տեղահանումների արդիական թեմաների համատեքստում, որն արծարծել է արտակարգ իրավիճակների հիմնահարցերը, մեր ուսանողները նաև իրենց գիտելիքն ու փորձն են ներկայացրել, իրենց մոտեցումները շարադրել։ Նրանք նաև ակտիվ մասնակցություն են ունեցել մշակութային միջոցառումներին՝ ազգային երգ ու պարով, ծիսակարգերով, հայկական խոհանոցով հիացնելով օտարերկրացիներին։

«Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի ներկայացուցիչները հոգացել են, որ միջազգային դասընթացն արդյունավետ լինի, եզրափակվի գունեղ և հիշարժան հրաժեշտի երեկույթով, որի ընթացքում էլ «քաղցր անակնկալ» են մատուցել մասնակիցներին և բոլորին շնորհել մասնակցության հավաստագրեր։