Միջազգային կապերն ընդլայնվում են և խոստանում նոր հեռանկարներ․ ՀՊՏՀ պատվիրակները վերադարձել են Լեոնից
ԵՄ «Էրազմուս+» ծրագրի շրջանակում ՀՊՏՀ վարչական ու ակադեմիական կազմի ներկայացուցիչներ, ռեկտորի գլխավոր խորհրդական Սամվել Կարաբեկյանը, ռեկտորի խորհրդական, մարքեթինգի ամբիոնի դոցենտ Լիլիթ Դադայանը, միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանը, նույն բաժնի աշխատակից Անուշ Իսոյանը, բանկային գործի և ապահովագրության ամբիոնի դասախոս Հայկ Բեջանյանը մայիսի 1-5-ը Լեոնի համալսարանում (Իսպանիա) մասնակցել են «Կրթության միջազգայնացում» խորագրով վերապատրաստման շաբաթին։
Միջազգային համագործակցության խնդիրներն ու հեռանկարները Լեոնում համախմբել էին 26 երկրի ավելի քան 80 համալսարանականների, որոնք հիմնականում բուհերի ակադեմիական և վարչական կազմի ներկայացուցիչներ էին։ Վերապատրաստման շաբաթվա շրջանակում ՀՊՏՀ պատվիրակները գործուն մասնակցություն են ունեցել բուհերի միջազգայնացման, փորձի փոխանակման, համագործակցության անսահմանափակ հնարավորությունների քննարկմանը նվիրված աշխատաժողովներին։ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանը հանդես է եկել զեկուցմամբ՝ ներկայացնելով միջազգայնացման գործընթացում Տնտեսագիտական համալսարանի ծրագիրն ու հաջողված փորձը, ինչը միջազգային գործընկերների շրջանում արժանացել է առանձնահատուկ ուշադրության և բարձրացրել մեր համալսարանի մասին իրազեկվածությունը։
Աշխատաժողովի օրերին ՀՊՏՀ պաստառը («Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» թեմայով), գրավիչ կերպով ներկայացված է եղել տեսանելի վայրերում, մեր գործընկերները պատմել են Հայաստանի մասին, հայկական համադամ խորտիկների հյուրասիրություններ կազմակերպել։
Միջազգային վերապատրասման շաբաթին մասնակից բուհերի ներկայացուցիչների հետ մեր պատվիրակները պայմանավորվածություններ են ձեռք բերել՝ դիտարկելով համագործակցության նոր ձևաչափեր, միջազգային ծրագրերում ներգրավվելու և համատեղ արդյունավետ աշխատանքի նոր ուղիներ։
Լեոնի համալսարանի միջազգային բաժնում ՀՊՏՀ ներկայացուցիչները հանդիպել են միջազգային կապերի համակարգող Խորխե Ֆերերի հետ, քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններ և առկա ծրագրերի ընդլայնման հնարավորություններ։ Վերջինս պատրաստակամություն է հայտնել շարունակելու փոխգործակցությունը Տնտեսագիտական համալսարանի հետ և հաջորդ տարվա ծրագրերում նույնպես ներգրավելու մեր բուհը։
Հագեցած և բովանդակալից օրերն ամփոփվել են հրաժեշտի ընթրիքով, որի ընթացքում կառուցողական և արդյունավետ հանդիպումներ են կայացել հյուրընկալող բուհի պրոռեկտորների հետ։
ՀՊՏՀ պատվիրակության անդամները հանդիպել են նաև այս ուսումնական կիսամյակում Լեոնի համալսարանում ուսումնառող մեր ուսանողներին՝ կառավարման ֆակուլտետի 3-րդ կուրսեցիներ Ալիսա Գալստյանին և Ինգա Սերոբյանին, ինպես նաև շրջել են Լեոնում և Պոնֆեռադայում, այցելել ուսումնական կենտրոններ և տեսարժան վայրեր, հաղորդակցվել իսպանական մշակույթին: