ՀՊՏՀ աշխատակիցները Միշկոլցի համալսարանում մասնակցել են «Էրազմուս+»-ի «Միջազգային շաբաթ» միջոցառմանը
2022 թ․ ապրիլի 25-29 «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում Միշկոլցի համալսարան (Հունգարիա) են այցելել ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ավագ հետազոտող, կառավարման ամբիոնի դոցենտ, տ․գ․թ․ Գայանե Թովմասյանը և տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի դեկանի տեղակալ, տնտեսագիտության տեսության ամբիոնի դոցենտ, տ․գ․թ․ Արսեն Պետրոսյանը։
Վերջիններս մասնակցել են Միշկոլցի համալսարանում փորձի փոխանակման «Միջազգային շաբաթ» միջոցառմանը, որը համախմբել է Հունգարիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Կոլումբիայի, Վրաստանի, Ղազախստանի, Ուկրաինայի, Հարավային Աֆրիկայի շուրջ 30 ներկայացուցիչների։
Միջոցառման մասնակիցները ներկայացրել են իրենց համալսարանների միջազգային կրթական ծրագրերը, հետազոտական նախագծերը, միջազգային համագործակցությանն ուղղված քայլերը։
ՀՊՏՀ աշխատակիցները ներկայացրել են Հայաստանի Հանրապետությունը՝ իր տեսարժան զբոսաշրջային վայրերով, այնուհետև ՀՊՏՀ-ն՝ խոսելով միջազգային կրթական ծրագրերի, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի և հնարավոր համագործակցությունների ընդլայնման մասին։ Բացի դրանից, տեղի է ունեցել նաև հետազոտական գաղափարների «շուկա», որտեղ մասնակիցները հետազոտությունների և հրապարակումների վերաբերյալ պայմանավորվածություններ են ձեռք բերել։
Ըստ Գայանե Թովմասյանի և Արսեն Պետրոսյանի՝ Միշկոլցի համալսարան այցը ծանոթությունների, մտքերի ու գաղափարների փոխանակման, փորձի ձեռքբերման, նոր համագործակցությունների հաստատման հիանալի հնարավորություն էր, որը դրական ազդեցություն կունենա ՀՊՏՀ-ում հետազոտական և կրթական գործընթացի բարելավման, միջազգային համագործակցության ընդլայնման վրա։