ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը «Ֆուտզալ A լիգա» մրցաշարի կրկնակի չեմպիոն է դարձել
5:3 հաշվով փայլուն հաղթանակ և ՀՊՏՀ ֆուտզալի հավաքականը կրկին չեմպիոն է. երեկ տեղի է ունեցել «Ֆուտզալ A լիգա» մրցաշարի եզրափակիչ խաղը, և մեր ֆուտզալիստները հաղթել են «ԷկոՎիլլ» թիմին: Հաղթանակի մասին լուրը asue.am-ին հայտնեց ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանը:
«Նոյեմբերին մեկնարկած, 4 ամիս տևած առաջնության բոլոր խաղերում ՀՊՏՀ հավաքականը հաղթել է, արժանիորեն դարձել գավաթակիր»,-ասաց Հովհաննես Գաբրիելյանը:
Խաղի ավարտից հետո երեկ տեղի է ունեցել մրցանակաբաշխությունը՝ լեգենդար հայ ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի, «Ֆուտզալ Բիզնես լիգա» ՀԿ նախագահ Ռուբեն Նազարեթյանի, պատվավոր հյուրերի մասնակցությամբ:
ՀՊՏՀ թիմի ավագ, մեր շրջանավարտ Դավիթ Գրիգորյանը ճանաչվել է մրցաշարի լավագույն խաղացող և ստացել մրցանակ: Հովհաննես Գաբրիելյանի խոսքով՝ մեր հավաքականի կազմում ՀՊՏՀ ներկա և նախկին ուսանողներ են, ովքեր հրաշալիորեն համադրում են իրենց մարզական հմտությունները, գրագետ խաղեր ցույց տալիս:
Այս հաղթանակը ՀՊՏՀ թիմի համար ճանապարհ է բացել դեպի ՀՀ ֆուտզալի Սուպերլիգայի առաջնություն:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ևս ՀՊՏՀ-ն դարձել է «Ֆուտզալ A լիգա» մրցաշարի չեմպիոն:
Շնորհավորում ենք մեր տղաներին:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին