ՀՊՏՀ սեղանի թենիսի աղջիկների հավաքականը՝ առաջատար հնգյակում

23.07.2024
Դիտումների քանակ՝ 466

Հունգարիայի Դեբրեցեն և Միշկոլց քաղաքներում ընթացող Եվրոպական համալսարանական խաղերում ՀՊՏՀ սեղանի թենիսի աղջիկների հավաքականը 16 համալսարանական թիմերի մրցապայքարում գրավել է 5-րդ հորիզոնականը։

аsue.am-ի հետ զրույցում  Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանն ասաց, որ մեր թենիսիստուհիները առաջնությունում հանդես են բերել մարզական բարձր պատրաստականություն, կամային որակներ և պայքարել են մինչև վերջ։

«Ենթախմբում, որում ընդգրկված էին Մեծ Բրիտանիայի Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցը, Թուրքիայի Ս․ Դեմիրելի համալսարանը և Ալբանիայի համալսարանը, մեր հավաքականը երեք հաղթանակ տարավ, իսկ ¼ եզրափակչում պարտվեց մրցաշարի ապագա չեմպիոնին՝ Զագրեբի համալսարանի թիմին։ Անհատական պայքարում և զուգախաղում մեր աղջիկները սահմանափակվեցին 1-ական հաղթանակով»,-ասաց Հովհաննես Գաբրիելյանը։

ՀՊՏՀ հավաքականի կազմում հանդես են եկել Ասյա Պողոսյանը, Ռիմա Խլղաթյանը և Մանե Ղազարյանը։ Թիմի մարզիչն է ՀՀ սեղանի թենիսի ազգային հավաքականի մարզիչ, ՀՊՏՀ ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դասախոս Մեսրոպ Ղուկասյանը։

Եվրոպական համալսարանական խաղերը մեկնարկել էր հուլիսի 12-ին և կավարտվի վաղը՝ հուլիսի 24-ին, այն կազմակերպվում է Եվրոպական համալսարանական սպորտի ասոցիացիայի կողմից։

Թող մարզական հաջողությունը մշտապես ուղեկից լինի մեր ուսանող մարզիկներին։