ՀՊՏՀ-ն միացել է reArmenia նախաձեռնությանը

15.03.2022
Դիտումների քանակ՝ 1417

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը միացել է reArmenia հարթակի՝ Արցախի Մարտունու շրջանի Հաղորտի գյուղում տեխնոդպրոց կառուցելու նախաձեռնությանը։ Արցախցի երեխաների կրթության և տեխնոապագայի հեռանկարի համար ՀՊՏՀ-ն նվիրաբերել է 1 000 000 ՀՀ դրամ, և պատրաստակամություն է հայտնել, որ հետագայում տեխնոդպրոցին կաջակցի նաև ակադեմիական ներուժով՝ ոլորտի առաջադեմ և որակյալ մասնագետներով, որոնց օգնությամբ արցախցի երեխաները կբացահայտեն ՏՏ աշխարհը, կծանոթանան ծրագրավորման, թվային դիզայնի և մարքեթինգի հմտություններին։

«Արցախի «Մունք» տեխնոդպրոց» նախագիծն իր շուրջ է համախմբել ավելի քան 100 բարերարների և ընկերությունների։

Նախաձեռնության հեղինակները վստահ են՝ տեխնոդպրոցի կառուցումը լայն հնարավորություններ կընձեռի արցախցի երիտասարդներին։ Իսկ հետագայում տեխնիկական վերազինման շնորհիվ «Մունք»-ը հնարավորություն կտա կապ պահպանելու ոլորտի լավագույն մասնագետների հետ, տեղայնացնելու նրանց գիտելիքն ու փորձը և հենց գյուղում ապահովելու որակյալ կրթություն։

Նշենք, որ Արցախի համայնքներում երբևէ նման ծրագիր չի իրականացվել, և «Մունք» տեխնոդպրոցն այս առումով աննախադեպ է։