«Փոխակերպելով բանականությունը» գլոբալ ինովացիոն ֆորումի շրջանակում ՀՊՏՀ-ում տեղի ունեցավ պանելային քննարկում

Դիտումների քանակ՝ 2052

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նախաձեռնությամբ հոկտեմբերի 16-ին Երևանում մեկնարկել է «Փոխակերպելով բանականությունը» խորագրով գլոբալ ինովացիոն ամենամյա ֆորումը: GIF19 եռօրյա համաժողովի շրջանակում երեկ ՀՊՏՀ մեծ դահլիճում, ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ, տեղի ունեցավ «Մոդելավորման բարդությունները տնտեսագիտության մեջ» թեմայով պանելային բաց քննարկում, որին մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, բուհի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, աշխատակիցներ, ուսանողներ ու ասպիրանտներ:

Պանելային քննարկմանը զեկուցումներով հանդես եկան Թաֆթս համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Բրյուս Բոգոսյանը՝ «Վիճակագրական ֆիզիկայի կիրառությունը տնտեսագիտության մեջ», Մերիլենդի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Վիկտոր Յակովենկոն՝ «Տնտեսական անհավասարությունը վիճակագրական ֆիզիկայի տեսանկյունից», Հռոմի Սապիենզա համալսարանի պրոֆեսոր Լուչիանո Պիետրոներոն՝ «Տնտեսական համապատասխանությունը և բարդությունը» թեմաներով: Քննարկման մոդերատորը ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Մարտին Գալստյան էր:

Ինչպես հիշեցնում են կազմակերպիչները՝ GIF19-ի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհի 20 երկրների ավելի քան 90 գիտնականներ, նորարարության և բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, ովքեր այս օրերի ընթացքում գիտական, տեխնոլոգիական և գործարար ինդուստրիալ դիտանկյուններից քննարկում են տեխնոլոգիաների ոլորտում արձանագրվող աննախադեպ նվաճումները, արհեստական բանականության դրսևորումները, դրանց ուղղակի և անուղղակի ազդեցությունը մարդու, հասարակության, բիզնեսի և պետության կենսագործունեության տարբեր ոլորտների վերափոխման և զարգացման վրա:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին