ՀՊՏՀ ուսանողները՝ երիտասարդական փոխանակման ծրագրի մասնակից

10.11.2022
Դիտումների քանակ՝ 1539

ՀՊՏՀ-ի և «Ստեղծարար երիտասարդություն» (Creative youth) ՀԿ-ի համագործակցության շրջանակում և «Էրազմուս+» ծրագրի ֆինանսավորմամբ Տնտեսագիտական համալսարանի ուսանողները հոկտեմբերի 21-30-ը և հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 6-ը Վրաստանի Քոբուլեթ քաղաքում մասնակցել են երիտասարդական փոխանակման ծրագրերի։ «Պաշտպանություն խտրականությունից» (Protection from discrimination) թեմայով երիտասարդների փոխանակման կարճաժամկետ նախագծին հայաստանյան 5 հոգանոց պատվիրակության կազմում ընդգրկված էին ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Տաթև Ալեքսանյանն ու մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Էլմիրա Խաչատրյանը։

Նախագծին մասնակցում էին 6 երկրների (Հայաստան, Հունաստան, Խորվաթիա, Թուրքիա, Լեհաստան, Վրաստան) 18-30 տարեկան շուրջ երեք տասնյակ երիտասարդներ։ Յուրաքանչյուր օր նրանք բաժանվում էին թիմերի, պատրաստում ու ներկայացնում շնորհանդեսներ խտրականության տարբեր դրսևորումների վերաբերյալ։

«Տարբեր հարցերի շուրջ խտրական վերաբերմունք դրսևորելը շարունակում է խիստ արմատացած մնալ մեր հասարակության մեջ, և մեր՝ երիտասարդներիս խնդիրն է կոտրել այդ կարծրատիպերը, ինչո՞ւ չէ՝ որոշ դեպքերում նաև ընդվզել պահպանողական մտածողության դեմ։ Հայաստանյան թիմով մենք ոչ միայն ներկայացրել ենք մեզ մոտ տիրող իրավիճակը, այլև առաջարկել ենք լուծումներ՝ ինչպես նվազեցնել խտրական ամենատարբեր դրսևորումների թիվը, ինչպես պաշտպանվել խտրականությունից»,- մեզ հետ զրույցում ասաց Տաթև Ալեքսանյանը։

Կրթական առաջադրանքներից զատ, տարբեր ազգության երիտասարդները հնարավորություն են ունեցել նաև բացահայտելու նոր մշակույթներ, ձեռք բերելու նոր ընկերներ, ներկայացնելու իրենց երկրների երգն ու պարը, ավանդույթները, ազգային ուտեստները։

Էլմիրա Խաչատրյանի փոխանցմամբ՝ ծրագիրը հնարավորություն է տվել թիմային աշխատանքի փորձառություն ձեռք բերելու, բացահայտելու Վրաստանը, նաև բանավոր հաղորդակցությամբ ավելի ամրապնդելու անգլերենի իմացությունը․ «Հրաշալի է ծանոթանալ ու ընկերանալ առաջադեմ մտածողության տեր այլազգի երիտասարդների հետ, որոնք կատարելապես տիրապետում են անգլերենին։ Դա մոտիվացնում է՝ ավելի ու ավելի զարգացնելու մեր լեզվական ունակությունները, մղում՝ անվերջ սովորելու և ինքնակրթվելու»։

«Ստեղծարար երիտասարդություն» ՀԿ-ի հետ համագործակցության շրջանակում կայացած մեկ այլ՝ «Միջմշակութային ոչ ֆորմալ կրթություն» (Intercultural non-formal education) ծրագրի մասնակից է դարձել ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Աննա Ավդալյանը։ Վերապատրաստման դասընթացը, ՀՊՏՀ ուսանողուհու խոսքով, հնարավորություն է ընձեռել կատարելագործելու ոչ ֆորմալ կրթության վերաբերյալ գիտելիքները, ինչպես նաև ներկայացնելու մեր երկիրը, ազգային ավանդույթները, պարերը, խոհանոցը․ «Ուրախ եմ ծրագրին մասնակցելու համար։ Այն և′ ուսուցողական էր, և′ ժամանցային։ Մենք հրաշալի ժամանակ ենք անցկացրել, ծանոթացել բազմաթիվ հրաշալի երիտասարդների հետ»։

Նշենք, որ «Ստեղծարար երիտասարդություն» կազմակերպության հետ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի ակտիվ համագործակցության արդյունքում առաջիկայում ևս ՀՊՏՀ ուսանողներին հնարավորություն կընձեռվի մասնակցելու երիտասարդների փոխանակման տարբեր նախագծերի։