«Լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունն ամփոփեց տարին. հայտնի են ՀՊՏՀ լավագույն ուսանողները (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 40482

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը ամեն տարի, Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների կապակցությամբ, իրականացնում է «ՀՊՏՀ լավագույն ուսանող» մրցանակաբաշխությունը: Տարին ամփոփող այս շքեղ միջոցառումը դրվատող ուղերձ է՝ հասցեագրված լավ սովորող, նախաձեռնող, մարզական նվաճումներ արձանագրած, ակտիվ ու օրինակելի ուսանող-քաղաքացիներին: Այսօր էլ 2019-ի ամփոփումն էր: Մրցանակներ շնորհվեցին նախապես հայտարարված 7 տարբեր անվանակարգերում՝ «Գիտական գործունեություն ծավալող լավագույն ուսանող», «Լավագույն ուսանող-մարզիկ», «Ակտիվ հասարակական գործունեություն ծավալող լավագույն ուսանող», «Բարձր առաջադիմություն ցուցաբերած լավագույն ուսանող», «Բարի սիրտ»,  «ՀՊՏՀ լավագույն ուսանող»:

Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը, պրոռեկտորներ Թաթուլ Մկրտչյանը, Արմեն Գրիգորյանը, դեկաններ, ամբիոնի վարիչներ, դասախոսներ, աշխատակիցներ, ուսանողներ ու ծնողներ:

Մրցանակաբաշխության գեղեցիկ անակնկալներից մեկը սիրված երգիչներ Արսեն Սաֆարյանի և Ավո Խալաթյանի այցն էր, նրանք կենդանի կատարումներ նվիրեցին ուսանողներին, շնորհավորեցին ու բարեմաղթանքներ հղեցին:

Լավագույնների անունները հնչեց մեծ բեմից: Եվ այսպես, «Բարձր առաջադիմություն ցուցաբերած լավագույն ուսանող» անվանակարգում մրցանակ շնորհվեց երկու ուսանողի՝ ֆինանսական ֆակուլտետի մագիստրանտ Մերի Նիկոլայանին և ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի մագիստրանտ Սոնա Սարգսյանին: Մրցանակները հանձնեց ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Արմեն Գրիգորյանը՝ նշելով, որ բարդ ընտրություն է եղել, որոշվել է հաղթող ճանաչել հավասար ՄՈԳ ունեցող երկու ուսանողի:

«Գիտական գործունեություն ծավալող լավագույն ուսանող» անվանակարգի հաղթողը ֆինանսական ֆակուլտետի մագիստրանտ Գագիկ Հակոբյանը, ում անունը հայտնեց և մրցանակը հանձնեց ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը:

«Լավագույն ուսանող-մարզիկ» կոչմանն արժանացավ ֆինանսական ֆակուլտետի մագիստրանտ, ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն Էդգար Բադալյանը, նրա անունը հայտարարեց ծանրամարտի աշխարհի չեմպիոն, ՀՊՏՀ ուսանող Սիմոն Մարտիրոսյանը:

«Ակտիվ հասարակական գործունեություն ծավալող լավագույն ուսանող»-ը ֆինանսական ֆակուլտետից Ժորա Ստեփանյանն է, ում մրցանակ հանձնեց ՀՊՏՀ ՈւԽ պատվավոր նախագահ Աբրամ Բախչագուլյանը:

Մրցույթի պատմության մեջ առաջին անգամ հայտարարվել էր «Բարի սիրտ» անվանակարգը, որում մրցանակը շնորհվեց կառավարման ֆակուլտետից Անուշ Իսոյանին, մրցանակը հանձնեց բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչի ժ/պ Գագիկ Աղաջանյանը:

Եվ վերջապես,  «ՀՊՏՀ լավագույն ուսանող» ճանաչվեց ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի մագիստրանտ Սուրեն Մինասյանը, նրան մրցանակ հանձնեց ՈւԽ նախագահ Գոռ-Մելիք Սահակյանը:

Բոլոր անվանակարգերում հաղթողները ստացան պատվոգրեր, գավաթ և պլանշետներ:

Արժեքավոր նվեր-մրցանակները տրամադրել էին «Ֆլալլես» կորպորացիան և «Էլբատ» ընկերությունը: Անշուշտ, մեր ուսանողները լավագույնի կոչումը վաստակեցին ոչ միայն 2019 թվականի, այլև տարիների ջանադիր աշխատանքի համար: Հուսով ենք, նրանց մրցանակները պարտավորեցնող են, իսկ մյուսների համար՝ ոգևորիչ ու վառ օրինակ:

Շնորհավորում ենք բոլորին և մաղթում, որ նոր տարում մեր հիանալի ուսանողների սովորելու, մասնագիտանալու, կայանալու, ինքնազարգանալու եռանդը կրկնապատկվի:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին