Հավաստագրեր՝ MS Excel վերապատրաստման դասընթացի մասնակիցներին

08.04.2022
Դիտումների քանակ՝ 1424

Ս.թ. փետրվարի 14-ից մարտի 15-ը ՀՊՏՀ-ում կազմակերպված MS Excel վերապատրաստման դասընթացի մասնակիցները ապրիլի 7-ին ստացան հավաստագրեր առ այն, որ հաջողությամբ ավարտել են համակարգչային վերոհիշյալ դասընթացը։

Փորձառու դասընթացավարների՝ ՀՊՏՀ տնտեսական ինֆորմատիկայի և տեղեկատվական համակարգերի ամբիոնի վարիչ, տ. գ. թ., դոցենտ Արմեն Ղազարյանի, նույն ամբիոնի ավագ դասախոս, դոցենտ Արգամ Արտաշյանի, ամբիոնի դասախոսներ Լիլիթ Գալստյանի և Անուշ Թումանյանի օգնությամբ ՀՊՏՀ վարչական և ուսումնաօժանդակ անձնակազմի ավելի քան 6 տասնյակ աշխատակիցներ շուրջ մեկ ամիս տևած դասընթացի շնորհիվ հնարավորություն ունեցան անվճար տիրապետելու Excel-ի հմտություններին։

Դասընթացի ավարտի կապակցությամբ շնորհավորելով մասնակիցներին՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ասաց. «Մենք հասկանում ենք, որ Excel-ի հնարավորություններն անսպառ են, և մեկ դասընթացի շրջանակում հնարավոր չէ բոլոր գործիքներին տիրապետել, բայց, այնուամենայնիվ, պետք է սկսել ինչ-որ կետից, և ուրախ եմ, որ դուք այդ գիտակցությունն ունեք։ Այդ առումով շատ կարևորում եմ ձեր մասնակցությունն այս դասընթացին և ուզում եմ շնորհակալություն հայտնել համալսարանի արտաքին կապերի դեպարտամենտին և շարունակական կրթության բաժնին, որոնք մինչ այժմ բոլոր վերապատրաստման դասընթացները կազմակերպել են բավականին բարձր մակարդակով»:

ՀՊՏՀ ռեկտորը նաև ընդգծեց, որ հետագա դասընթացներն առավել արդյունավետ կազմակերպելու և թերությունները շտկելու առումով կարևոր են երկխոսության մշակույթի ձևավորումն ու կարիքների վերհանումը։