ՀՊՏՀ‒Հասելթի համալսարան․ ընդլայնվող կապեր

20.12.2022
Դիտումների քանակ՝ 1052

Եվրամիության «Էրազմուս+» ծրագրի միջազգային կրեդիտային շարժունության շրջանակում դեկտեմբերի 12-16-ը ՀՊՏՀ-ում հյուրընկալվել է Հասելթի համալսարանի (Բելգիա) բիզնես տնտեսագիտության ֆակուլտետի միջազգայնացման բաժնի աշխատակից Էլս Ուելքենհուիզենը։

Օտարերկրյա հյուրը հանդիպել է ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանի, միջազգային կապերի և ֆոնդահայթայթման բաժնի աշխատակիցների հետ, եղել «Ամբերդ» հետազոտական կենտրոնում և Change Lab-ում, ՀՊՏՀ գործընկերների հետ քննարկել առկա ծրագրերի ընդլայնման և համատեղ նախագծերի իրականացման հնարավորությունները։

2022-2023 ուստարվա 2-րդ կիսամյակում Հասելթի համալսարանում ուսումնառության մեկնող ՀՊՏՀ ուսանողներ Դավիթ Հայրապետյանի և Արթուր Ուդումյանի հետ հանդիպմանը Էլս Ուելքենհուիզենը պատմել է համալսարանի մասին, ներկայացրել ուսումնառության հնարավորությունները, պատասխանել երիտասարդներին հուզող հարցերին։ Նա պատրաստակամություն է հայտնել ամրապնդելու և ընդլայնելու Տնտեսագիտական համալսարանի հետ գործընկերության շրջանակները։