Արցախի հերոս, ՀՊՏՀ ուսանող Դավիթ Գրիգորյանի մահվան տարելիցն է

03.11.2021
Դիտումների քանակ՝ 1682

«Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած, 25 տանկ խոցած Դավիթ Գրիգորյանի անունը հայրենիքի համար նահատակված հերոսների անունների շարքում է։

Դավիթ Գրիգորյանն «Արցախի հերոս» բարձր կոչմանն է արժանացել Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով 2020 թ․ հոկտեմբերի 4-ին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի 8-րդ օրը։ Կոչումն ստանալու պահին ավագ սերժանտ Դավիթ Գրիգորյանը Կարախանբեյլիի և Ֆիզուլիի հատվածում արդեն խոցել էր հակառակորդի 15 տանկ և 1 միավոր հետևակային մարտական մեքենա։ Հետագայում դրանց թիվն ավելացել է։ Նրա շնորհիվ Սարդարապատի միջնակարգ դպրոցը, որտեղ նա սովորել է, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից ստացել է ոսկե մեդալ։ Դավիթ Գրիգորյանը պարգևատրվել է նաև «Ոսկե արծիվ» շքանշանով։

Նախքան բանակ զորակոչվելը Դավիթն ընդունվել էր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսական ֆակուլտետ։ Աչքի էր ընկնում մեծ ընդունակություններով, համեստությամբ և հավասարակշռվածությամբ։ Արցախի հերոս Դավիթ Գրիգորյանի անունն է կրում ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետում բացված՝ Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված ուսանող-հերոսներին նվիրված լսարանը։ Դավիթ Գրիգորյանի նկարը ՀՊՏՀ մյուս զոհված ուսանողների նկարների կողքին է՝ մշտապես զարդարված թարմ ծաղիկներով։

Դավթի նկարի մոտ թարմ ծաղիկներ դրվեցին նաև այսօր՝ նրա մահվան տարելիցի օրը։ Լավագույն ուսանողի և հայրենիքի հզոր պաշտպանի հիշատակը հարգեցին և նրա նկարի առջև խոնարհվեցին ՀՊՏՀ ներկայացուցիչները։ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը նույն ժամերին Դավիթ Գրիգորյանի ծննդավայր Սարդարապատում ներկա էր հերոսի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման արարողությանը, որին մասնակցում էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Փառք ու պատիվ մեր հերոսներին։