Դաս-ուսումնավարժանք օդային տագնապի ազդանշանի պայմաններում
«Արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության հիմնահարցեր» և «Առաջին բուժօգնության կազմակերպումը արտակարգ իրավիճակներում» առարկաների շրջանակում այսօր համատեղ դաս-ուսումնավարժանք էր, որին մասնակցում էին կառավարման ֆակուլտետի կառավարում մասնագիտության և մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մարքեթինգ մասնագիտության 1-ին կուրսերի ուսանողները:
«Օդային տագնապ ազդանշանի դեպքում ուսանողների և աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը և տարհանումը» խորագրով դաս-ուսումնավարժանքի շրջանակներում ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ, ՀՊՏՀ-ում քաղաքացիական պաշտպանության գործառույթների պատասխանատու Սիրանուշ Հարությունյանը, նույն ամբիոնի դոցենտ Վեներա Ոսկանյանը և դասախոս Նեդա Պետրոսյանը պայմանական օդային տագնապի պայմաններում գործնականում բարելավեցին ուսանողների՝ վտանգի դեպքում համակարգված և կազմակերպված գործելու հմտությունները, պատրաստականությունը:
«Հակառակորդի կողմից զանգվածային ոչնչացման զենքի կիրառման դեպքում կորուստներից խուսափելու կամ դրանք նվազեցնելու համար բոլորը պետք է ակտիվորեն մասնակցեն քաղպաշտպանության միջոցառումներին, կարողանան իրենց ճիշտ պահել, վնասվելու դեպքում ցուցաբերել ինքնօգնություն և փոխօգնություն»,- ուսանողներին դիմելով ասաց Սիրանուշ Հարությունյանը:
«Ով իրազեկված է, նա պաշտպանված է» նշանաբանը լիովին արտացոլում էր նաև այս դաս-վարժանքի նպատակադրումը: Ուսանողներից կազմավորված փրկարարական, հրդեհաշիջման, հետախուզական, հասարակական կարգի պահպանման և առաջին բուժօգնության ջոկատները ակտիվ ու նպատակային գործեցին պայմանական վտանգի իրավիճակում և կատարելագործեցին իրենց հմտությունները:
Ավարտին վարժանքի ղեկավարին՝ Սիրանուշ Հարությունյանին, ջոկատները զեկուցեցին իրենց իրականացրած գործողությունների մասին, քննարկվեց իրադարձությունների ընթացքը, կատարվեց ամփոփում և հայտարարվեց վարժանքի ավարտը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին