ՀՊՏՀ գիտնականների հեղինակությամբ լույս են տեսել ուսումնական ձեռնարկներ

Դիտումների քանակ՝ 1792

ՀՊՏՀ գիտական խորհրդի երաշխավորությամբ մեր համալսարանի «Տնտեսագետ» հրատարակչության կողմից լույս են ընծայվել նոր ուսումնական ձեռնարկներ, որոնց ուսանողները կարող են ծանոթանալ ՀՊՏՀ գրադարանում:
Դրանք են իրավագիտության և քաղաքագիտության ամբիոնի վարիչի պաշտոնակատար, ի.գ.թ. դոցենտ Լյուբա Մեհրաբյանի, նույն ամբիոնի դոցենտ, ի.գ.թ. Գառնիկ Սուքիասյանի «Իրավագիտություն», կառավարման ամբիոնի դոցենտ տ.գ.թ. Խորեն Մխիթարյանի «Բանկային և ֆինանսական մենեջմենթ», լեզուների ամբիոնի դոցենտներ, բանասիրական գիտությունների թեկնածուներ Սուսաննա Չալաբյանի և Արմինե Գրիգորյանի “English for Managers” («Անգլերենը կառավարիչների համար»), փիլիսոփայության և հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պ.գ.դ. Արարատ Հակոբյանի «Հայոց պատմություն» (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը) ուսումնական ձեռնարկները, մակրոէկոնոմիկայի ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Կարեն Գրիգորյանի և նույն ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Ծովինար Կարապետյանի ընդհանուր ղեկավարությամբ և խմբագրությամբ «Տարածքային զարգացման քաղաքականություն. թեստեր և խնդիրներ» ուսումնամեթոդական ձեռնարկը:
Առաջին ձեռնարկում լուսաբանվում են պետության և իրավունքի առանցքային հիմնախնդիրները, սահմանադրական, վարչական, աշխատանքային և քաղաքացիական իրավունքի ինստիտուտները: Աշխատանքի հիմքում ՀՀ սահմանադրությունը և ՀՀ վարչական, աշխատանքային ու քաղաքացիական օրենսգրքերն են:

«Բանկային և ֆինանսական մենեջմենթ» ձեռնարկում պարզաբանվում են բանկային համակարգի կառավարման առանձնահատկությունները շուկայական տնտեսության պայմաններում, առևտրային բանկերի կողմից իրականացվող հիմնական գործառույթներն ու ծառայությունները և դրանց վերլուծությունը, դիտարկվում են բանկային մենեջմենթի ընդհանուր (հիմնական) և հատուկ (կոնկրետ) գործառույթները, դրամական հաշվարկների իրականացման կարգը, բանկերի իրացվելիության և վճարունակության կառավարման հիմնահարցերը, ինչպես նաև միջազգային բանկային համակարգի զարգացման արդի միտումներն ու հեռանկարները: Նախատեսված է բուհերի ուսանողության, ասպիրանտների, դասախոսների, բանկային համակարգի աշխատողների համար:
“English for Managers” ձեռնարկը, հեղինակների խոսքով, նպատակուղղված է տնտեսագետ ուսանողների մոտ անգլերենով մասնագիտական գրականություն ընթերցելու հմտություններ զարգացնելուն և «Կառավարում» բնագավառին բնորոշ համապատասխան բառապաշար կուտակելուն:
«Հայոց պատմություն» (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը) ձեռնարկում հակիրճ ու հանրամատչելի ներկայացված է հայ ժողովրդի համակարգված պատմությունը՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը: Առանձնապես հանգամանալից է շարադրված 20-րդ դարի պատմությունը: Ներկայացվող մեկհատորյակը կարող է օգտակար լինել բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետների ուսանողներին, դասախոսներին, ինչպես նաև ուսուցիչներին, հայոց պատմությամբ հետաքրքրվողներին:
«Տարածքային զարգացման քաղաքականություն. թեստեր և խնդիրներ» ձեռնարկում ներկայացված են տեղական ինքնակառավարմանը, ներառյալ՝ Երևանում տեղական ինքնակառավարմանը, ֆինանսական համահարթեցմանը, տարածքային համամասնական զարգացմանը, համայնքների խոշորացմանը, տարածքների զարգացման հայեցակարգին, միջհամայնքային միավորումներին և համայնքի բյուջեին վերաբերող թեստեր և խնդիրներ՝ իրենց լուծումներով: Այն նախատեսված է տնտեսագիտական բուհերի և ֆակուլտետների ուսանողների, ասպիրանտների, դասախոսների, վերապատրաստողների, հանրային ծառայողների և գործարարների համար:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին