Համագործակցության հեռանկար Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի հետ
ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր մեկնարկային հանդիպում էր Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրերից մեկը հանդիսացող Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (IBM ISTC) ներկայացուցիչների հետ, որին մասնակցում էին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտորներ Գագիկ Վարդանյանը, Միհրդատ Հարությունյանը, Սևակ Խաչատրյանը, ռեկտորի խորհրդական Գրիգոր Կիրակոսյանը, ամբիոնի վարիչները, արտաքին կապերի բաժնի պետ Վարդ Ղուկասյանը: Նշված կենտրոնից մեր համալսարանում հյուրընկալվել էին հմտությունների զարգացման ղեկավար Ռուզաննա Սաֆարյանը, բիզնեսի զարգացման գծով ղեկավարներ Արեգ Գևորգյանը և Արթուր Ղուլյանը:
Հանդիպման նպատակն էր հնարավոր համագործակցության հեռանկարների քննարկումը: Մասնավորապես, ՀՊՏՀ դասախոսները կարող են ներգրավվել IBM (International Business Machines) «Ակադեմիական նախաձեռնության» ծրագրում: Այն ամբողջ աշխարհի բարձրագույն կրթական հաստատությունների դասախոսներին հնարավորություն է տալիս օգտվելու IBM-ի ռեսուսրսների լայն ընտրանիից, որը կարելի է օգտագործել համակարգչային և տեղեկատվական աղբյուրների ոլորտում դասախոսությունների և ոչ կոմերցիոն բնույթի գիտական հետազոտությունների ընթացքում։
Արեգ Գևորգյանը ներկայացրեց IBM-ի գործունեությունը, ուղղությունները, հնարավորությունները և այլն: Ռուզաննա Սաֆարյանը անդրադարձավ ծրագրի կրթական հատվածին, խոսեց տնտեսագիտության ուղղությամբ հնարավոր համագործակցության մասին, պարզաբանեց դասախոսների ներգրավմանն առնչվող հարցերը, ընթացակարգը: Ունկնդիրները հատկապես հետաքրքրվեցին հետազոտություններով, բանախոսները պատասխանեցին նրանց հարցերին: Ինչպես նշվեց, ISTC-ը աջակցում է հետազոտություններ կատարողներին, նրանց կապում է համապատասխան օղակների հետ: ISTC-ի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ համագործակցությունը անհատական է լինելու, այսինքն, ՀՊՏՀ-ի հետ համագործակցության շրջանակներում բուհի առանձին դասախոսներն են գրանցվելու կենտրոնում և սկսվելու է փոխգործակցությունը: Ի դեպ, անդամակցությունն անվճար է:
Ռեկտոր Կորյուն Աթոյանը, ամփոփելով հանդիպումը, կարծիք հայտնեց, որ այն օգտակար էր, կա որոշակի համագործակցության հնարավորություն:
Քանի որ սա մեկնարկային, այսպես ասած՝ ճանաչողական հանդիպում էր,առաջիկայում կհստակեցվեն համատեղ անելիքները: Կենտրոնի հետ համագործակցությունը կհամակարգի բուհի ղեկավարությունը, արտաքին կապերի բաժինը:
Մեզ հետ զրույցում Ռուզաննա Սաֆարյանն ասաց, որ ISTC-ը խրախուսում է դասախոսների ներգրավվածությունը բուհական առարկաներում մոդեռնիզացիայի, նորարարության ուղղությամբ: Կենտրոնը առաջարկում է առարկայական նոր ծրագրեր, դասավանդման նյութեր և այլն:
«Արդեն համագործակցություն ունենք հայաստանյան 6 բուհերի հետ. «Ակադեմիական նախաձեռնություն ծրագրում» ներգրավված են 80 դասախոս, շուրջ 800 ուսանող, ովքեր մասնակից են դարձել բարեփոխումների»,-ասաց Ռուզաննա Սաֆարյանը՝ հավելելով, որ ակնկալում է նաև ՀՊՏՀ-ի հետ համագործակցություն:
Ինովացիոն լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել www.istc.am կայքում, իսկ «Ակադեմիական նախաձեռնություն» ծրագրին կարող եք ծանոթանալ սույն հղումով՝ goo.gl/y0AZYv
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին