«Ամբերդ» կենտրոնի աշխատակիցը հետազոտության շրջանակներում գործարկել է նոր ծառայություն

Դիտումների քանակ՝ 1910

ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի ՀՊՏՀ մասնաճյուղերի հետ համագործակցության զարգացման գծով գլխավոր մասնագետ Աշոտ Դավոյանը  «Համաաշխատանքային տարածքները՝ որպես գիտելիքահենք և նորարարական տնտեսության  զարգացման հարթակ» անհատական հետազոտության շրջանակներում գործարկել է “start up”. արդեն մի քանի օր է՝ Երևանում գործում է Փի-Էմ-Սի ծառայությունը, որը տրամադրում է համաաշխատանքային հարթակ՝ ներառյալ գրասենյակային սարքավորումները, հանդիպումների սրահը և  հարակից  ծառայությունները:

Մեզ հետ զրույցում Աշոտ Դավոյանը նշեց, որ հետազոտական աշխատանքի շրջանակում անցկացրել է   հարցազրույցներ և ուսումնասիրություններ ՝ Լոնդոնի “WeWork”  և  Փարիզի “Numa” կենտրոններում:
       «Մեր կողմից  իրականացվել է արտասահմանյան փորձի վերլուծություն և  առաջարկվել է դրանց գործնական կիրառումը, այսինքն՝  մշակումը հասցվել է  առևտրայնացման մակարդակի: Ուրախ եմ տեղեկացնել, որ արդեն երկու օր է գործում է Փի-Էմ-Սի ծառայությունը, որի ամբողջական անվանումը թարգմանաբար նշանակում է նախագծերի կառավարման կենտրոն և ներկայացնում է աշխատաոճի նոր մշակույթ:  Առաջարկվող արժեքի (Value Proposition) առանցքային բնութագիրը համարում եմ վճարման եղանակի և ճկունության ճիշտ համադրումը: Իմ համոզմամբ, մեր օրերում երկրների, այդ թվում՝ Հայաստանի նորարարական ներուժը գեներացվում է ոչ միայն տեխնոլոգիական և այլ ոլորտներում գործող առաջատար ընկերություններում, այլև դրանց շրջանակից դուրս գործող անհատների և ձևավորվող հանրույթների կողմից»,-ասաց Աշոտ Դավոյանը:
Ծառայության մասին  մանրամասն  տեղեկություններ կարող եք գտնել  նշված հղումով՝ http://pmc.spaces.nexudus.com/hy :

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին