ՀՊՏՀ-ն մասնակցել է կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառին. տնտեսագիտական կրթության նկատմամբ հետաքրքրությունը մեծ է
Ձեռներեցության համաշխարհային շաբաթվա միջոցառումների շրջանակում, ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում նոյեմբերի 17-ին տեղի է ունեցել կարիերայի և ձեռնարկատիրության տոնավաճառ, որին ՀՊՏՀ-ն ներկայացրել է համալսարանի շարունակական կրթության և կարիերայի բաժինը: Միջոցառումը նպատակ է ունեցել մեկտեղելու կրթություն, շարունակական ուսուցում և զարգացում, ինչպես նաև զբաղվածություն ապահովող կառույցներին՝ անձի մասնագիտական կողմնորոշման, կարիերայի պլանավորման և զարգացման հնարավորությունների մասին տրամադրելով անհրաժեշտ տեղեկություններ:
ՀՊՏՀ տաղավարը ներկայացրել են վերոնշյալ բաժնի ղեկավար Աիդա Առուստամյանը, առաջատար մասնագետ Լիդա Դիլբարյանը և դիզայներ Հռիփսիմե Մելիքյանը:
«Նմանատիպ տոնավաճառները միտված են խրախուսելու երիտասարդներին՝ գտնելու կարիերային անհրաժեշտ կրթական և աշխատանքային հնարավորություններ, ինչպես նաև հանդիպման առիթ են աշխատանք փնտրողների և աշխատանք առաջարկողների համար»,-մեզ հետ զրույցում ասաց Աիդա Առուստամյանը:
Ինչպես պատմում են մեր մասնակիցները՝ ՀՊՏՀ-ն ներկայացնող տաղավարը հայաստանյան մյուս բուհերի կողքին բավականին մարդաշատ է եղել և օրվա երկրորդ կեսին արդեն ներկայացվող նյութերի պակաս է զգացվել: Շատ են եղել տնտեսագիտական կրթությամբ հետաքրքրվող երիտասարդները, ովքեր հիմնականում միջազգային կրթական ծրագրերին վերաբերող հարցեր են հղել, իսկ ավագ դպրոցի սաներին հետաքրքրել է ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջ ընդունվելու պայմանները:
Ուշագրավ է, որ տոնավաճառի ընթացքում մի քանի մանկավարժներ հարցրել են՝ արդյոք ՀՊՏՀ տաղավարում առկա է ձեռնարկատիրության վերաբերյալ աշակերտների համար մատչելի որևէ գիրք: Մասնագիտական կողմնորոշման և շարունակական կրթության վերաբերյալ Տնտեսագիտական համալսարանի կողմից առաջարկվող դասընթացները ևս այցելուների հետաքրքրության կենտրոնում են եղել:
Միջոցառման շրջանակում անցկացվել են քննարկումներ, սեմինարներ և վարպետաց դասեր:
Առաջարկում ենք դիտել նաև միջոցառման մասին Հանրային հեռուստաընկերության անդրադարձը հետևյալ հղումով՝ www.youtube.com/watch?v=Q7AwxtLsctg&feature=player_embedded:
Լուսանկարները՝ ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժնից:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին