Այսօր ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատանքային վերջին օրն է

Դիտումների քանակ՝ 1127


Սիրելի’  ՀՊՏՀ-ականներ, ՀՊՏՀ պաշտոնական կայքի և ֆեյսբուքյան պաշտոնական էջի այցելուներ, այսօր  ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատանքային վերջին օրն է, աշխատակիցներն արձակուրդ են գնում, ինչից հետևում է, որ ՀՊՏՀ պաշտոնական (asue.am) կայքը, ՀՊՏՀ պաշտոնական էջը ֆեյսբուքում, «Տնտեսագետ» ամսագիրը ևս հանգստի շրջանում են լինելու: Սակայն սա չի նշանակում, որ առանցքային ու կարևոր խնդիրները լինելու են մեր տեսադաշտից դուրս. դրանք կլուսաբանվեն` ըստ անհրաժեշտության և հրատապության:

Անցած ուսումնական տարին բոլորիս համար բուռն աշխատանքային և հագեցած էր, այդ հագեցածությանը համապատասխանում էր նաև լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի բազմազբաղ եռուզեռը, որի արդյունավետության ցուցիչը ձեր արձագանքներն են ու կայքերի վարկանիշների չափման հայտնի circle.am կայքի «Կրթություն և գիտություն» բաժնում asue.am-ի կայուն առաջատար դիրքը։

Այսպիսով, ամփոփում ենք մեր աշխատանքային գործունեության ևս մեկ շրջափուլը՝ 2012-2013 ուսումնական տարին և խոստանում արձակուրդից վերադառնալ նոր ուժերով ու եռանդով, ձեզ համար աշխատել սիրով ու նվիրումով` ձեռքը իրադարձությունների զարկերակին և արդարացնել ձեր սպասելիքներն ու վստահությունը:

 Համալսարանի այն դասախոսներին և ուսանողներին, ովքեր կցանկանան ձեռք բերել «Տնտեսագետ» մարզաառողջարանի 2-րդ և 3-րդ հերթափոխերի ուղեգրեր, սիրով տեղեկացնում ենք, որ ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման բաժինն արձակուրդի շրջանում աշխատելու է:

 Հիշեցնենք, որ պրոֆեսորդասախոսական կազմի անդամները արձակուրդում են հուլիսի 11-ից օգոստոսի 28-ը, ստորաբաժանումների ղեկավարները` հուլիսի 15-ից օգոստոսի 20-ը, աշխատակիցները` հուլիսի 22-ից օգոստոսի 20-ը:

 Ամառային ջերմություն ու անվրդով հանգիստ ենք մաղթում բոլորին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին