Հայոց բանակը 21 տարեկան է. ՀՊՏՀ –ն հպարտ է իր ուսանող-զինվորներով

Դիտումների քանակ՝ 869

Սրանից 21 տարի առաջ ստեղծվեց Հայոց բանակն ու սկիզբ առավ նրա պատմությունը: Այսօր անկախ մեր երկրի համար այն մի իրողություն է, որը հպարտության զգացումով է լցնում մեր հոգիները:

Անցած մեկ տարվա ընթացքում ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանին են ուղղվել ՀՀ ՊՆ զորամասերի հրամանատարների բազմաթիվ նամակներ: Դրանք, որպես կանոն, շնորհակալական ջերմ հղումներ են` հասցեագրված բուհի ղեկավարությանը, դրվատանքով լի խոսքեր` բնութագրող ՀՊՏՀ այն ուսանողներին,  որոնք, անցնելով ծառայության Հայաստանի զինված ուժերում, հայրենիքի առջև իրենց սրբազան պարտքը կատարում են պատասխանատվության բարձր զգացումով, սիրով ու նվիրվածությամբ: Ազնվություն, բարեխղճություն, կարգապահություն և կամքի ուժ. ահա այն հատկանիշներից մի քանիսը, որոնք թվարկված են այդ նամակներում և բնորոշում են, ի հպարտություն բոլորիս, մեր ուսանող-զինվորներին, հայ ռազմիկի պատիվը բարձր պահող հայորդիներին, որոնք միշտ պատրաստ են հայրենիքի սահմանների պաշտպանությանը:

Այդ նամակները բուհի ղեկավարությունն ընթերցում է խորին հպարտությամբ և հաձնարարում առաքել  լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին` հանրայնացնելու մեր ուսանող զինծառայողների օրինակելի կերպարները, կրկին գովեստի խոսքեր ուղղելու նրանց. Լևոն Կուրղինյան, Սամվել Կարապետյան (կառավարման ֆակուլտետ), Ռաֆայել Գալստյան, Արթուր Հարությունյան, Գրիգոր Մաթևոսյան, Արման Ուլիխանյան (ֆինանսական ֆակուլտետ): Ահա նրանք են այդ արժանավոր հայորդիները....

21 տարի առաջ ստեղծված Հայոց ազգային բանակը տարեցտարի համալրող մեր ուսանողները, և ոչ միայն նրանք, հավատացած ենք, դեռ շատ առիթներ կտան հպարտանալու իրենց հայրենանվեր ծառայությամբ, օրինակելի կերպարներով: Այսօր մեր զորացող բանակի տարեդարձի առիթով բոլոր զինվորներին մաղթում ենք անվտանգ ու խաղաղապահ ծառայություն, ցանկանում, որ այդ ընթացքում ձեռք բերեն զինվորական բարձր պատրաստականություն, ռազմական գիտելիքներ ու հմտություններ և դրանք երբեք առիթ չունենան կիրառելու մարտի դաշտում: Սակայն, ինչպես ՀՀ ԶՈՒ կարգախոսն է հնչեցնում. «Ազգը պիտի պատրաստ լինի ցանկացած պահի համազգային բանակի վերածվելու»:

Հ.Գ Այս թեմայի շուրջ առավել ընդարձակ հրապարակում կլինի «Տնտեսագետի» հունվար-փետրվարյան համարում:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին