Ցուցահանդես «Նարեկացի» արվեստի կենտրոնում. մեր ուսանողների՝ հերթական միջոցառումը (լուսանկարներ)

Դիտումների քանակ՝ 1079

ՀՊՏՀ զբոսարշջության կառավարում մասնագիտության 3-րդ կուրսի նախաձեռնությամբ «Հանդիպումների, կոնֆերանսների և այլ միջոցառումների կազմակերպում» դասընթացի արտալսարանային գործնական պարապմունքի շրջանակում (դասախոս, հակաճգնաժամային և  զբոսաշրջության կառավարում ամբիոնի ասիստենտ Հասմիկ Համբարձումյան) «Նարեկացի» արվեստի կենտրոնում  երեկ տեղի է ունեցել խմբակային ցուցահանդես, որտեղ իրենց գեղանկարչական աշխատանքներն են ցուցադրել տարբեր բուհերի շնորհալի ուսանողները:

«Որոշեցինք կազմակերպել այնպիսի մի միջոցառում, որի ընթացքում ցուցադրվելու հնարավորություն չունեցող շնորհալի երիտասարդները  կներկայանային հանրությանը: Այդպիսի միջոցառումը նաև կվկայեր, որ ոչ մի երիտասարդ մենակ չէ, և միշտ կան օգնողներ և աջակցողներ», - ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի զրույցում ասաց միջոցառման կազմակերպիչներից զբոսաշրջության կառավարման 3-րդ կուրսի ուսանող Անի Գալստյանը` ներկայացնելով ցուցահանդեսի կազմակերպական աշխատանքների ողջ ընթացքը: Վերջինիս խոսքով` կազմակերպիչները համախմբված անցել են գործի. նախ կազմել են  միջոցառման անցկացման ծրագիր-պլան, գտել են ցուցադրության համար համապատասխան տարածք, համաձայնության են եկել իրենց ստեղծագործությունները ցուցադրելու ցանկություն հայտնած ուսանողների հետ, մշակել  են շոու ծրագիր, գտել աջակցության և օգնության պատրաստ հովանավորներ ու կամավորներ:  Այնուհետև  կազմակերպիչները ձեռնամուխ են եղել ցուցահանդեսի բացման մասին տեղեկատվություն ու հանդիսատես ապահովելու աշխատանքներին: Այդ նպատակով օգտագործվել են սոցիալական կայքերը, պատրաստվել են հրավիրատոմսեր:

«Մենք առաջին անգամ էինք կազմակերպում նման միջոցառում և ուրախությամբ պետք է նշեմ, որ մեր բոլոր սպասելիքներն արդարացան, բոլորս` թե’ հանդիսատեսը, թե’ մասնակիցները, շատ տպավորված էինք և մեծ հաճույք ստացանք այս ցուցադրությունից»,-ուրախությամբ ասաց Անի Գալստյանը և նշեց, որ այսպիսի արտալսարանային պարապմունքները ստացած գիտելիքները գործնական աշխատանքում կիրառելու լավագույն միջոց են:

Անի Գալստյանը տեղեկացրեց նաև, որ ցուցահանդեսին մասնակցել են ՀՊՏՀ հակաճգնաժամային և զբոսաշրջության կառավարման (Ստեփան Մանթարլյանը, Հասմիկ Համբարձումյանը) և կառավարման ամբիոնների դասախոսները (Աննա Սանամյանն ու Թագուհի Օհանյանը):

Հ.Գ.  Լուսանկարները  տրամադրեցին  ՀՊՏՀ զբոսարշջության կառավարում մասնագիտության 3-րդ կուրսի  ուսանողները:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին