Զաքար Կիրակոսյանն ընտրվեց ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան
ՀՊՏՀ գիտական խորհրդի երեկվա նիստում կայացան ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկանի ընտրություններ։ Մինչ ընտրությունները, սահմանված կարգի համաձայն, ՀՊՏՀ ռեկտոր, գիտական խորհրդի նախագահ Կորյուն Աթոյանը խոսքը փոխանցեց դեկանի ընտրություններում առաջադրված 3 թեկնածուներին, որոնք հանդես եկան ելույթներով՝ ներկայացնելով իրենց ծրագրային դրույթները։
Նշենք, որ դեկանի պաշտոնի համար առաջադրվել էին ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան, կառավարման տեղեկատվական համակարգերի ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Գրիգոր Արքելաթյանը (առաջադրող ստորաբաժանումը տեղեկատվական համակարգերի ամբիոնն է), կառավարման տեղեկատվական համակարգերի ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Կամո Խաչատրյանը (ինքնաառաջադրում) և տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Զաքար Կիրակոսյանը (ինքնաառաջադրում):
Ընտրությունների արդյունքում ՀՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկան ընտրվեց տնտեսամաթեմատիկական մեթոդների ամբիոնի դոցենտ, տնտեսագիտության թեկնածու Զաքար Կիրակոսյանը։ Նրա ներկայացրած ծրագրային դրույթները մատնանշում էին աշխատանքներ՝ 3 հիմնական ուղղություններով՝ ուսումնամեթոդական և ուսումնակազմակերպական, գիտահետազոտական աշխատանքների իրականացում, ինչպես նաև լուրջ ուշադրություն աշխատանքային և ուսումնական կարգապահությանը։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին