Դիլիջանի ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանում ստեղծվել են հանգստի համար հարմարավետ պայմաններ
Հարգելի ուսանողներ, գործընկերներ, այս տարի ևս Դիլիջանի գողտրիկ անկյուններից մեկում տեղակայված ՀՊՏՀ «Տնտեսագետ» մարզաառողջարանը հյուրընկալորեն իր դռները կբացի ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների առաջ:
Ամեն տարի այստեղ ՀՊՏՀ բազմաթիվ աշխատակիցներ և ուսանողներ իրենց ակտիվ հանգիստն են անցկացնում և վերադառնում աշխատանքային տարվա հոգնությունը թոթափած, հարուստ ու անմոռանալի տպավորություններով:
ՀՊՏՀ ղեկավարությունն ու արհկոմիտեն այս տարի ևս հոգացել են, որ հանգստացողները լիարժեքորեն վայելեն ամառը: ՀՊՏՀ գիտխորհրդի երեկվա նիստում մարզաառողջարանի այս տարվա գործունեության վերաբերյալ տեղեկություններ ներկայացրեց ՀՊՏՀ արհկոմի նախագահ Գրիգոր Տերտերյանը։
Ըստ այդմ՝ «Տնտեսագետ» մարզաառողջարանի գործունեության բնականոն աշխատանքի ապահովման համար նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս մայիս ամսին: Ճամբարի պետ է նշանակվել ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոս Հակոբ Կյոկչյանը, տեղակալներն են` նույն ամբիոնի դասախոսներ Լյուդմիլա Հովհաննիսյանը և Էլիանորա Գրիգորյանը։
Հունիսին ձեռք են բերվել անհրաժեշտ շինարարական նյութեր, և ՀՊՏՀ բանվորների ուժերով իրականացվել են վերնորոգման և բարեկարգման աշխատանքներ:
Ուշադրության կենտրոնում են եղել կենցաղային հարցերը: Այս նպատակով ճամբարի ղեկավարությանն են տրամադրվել խոհանոցային ու հիգիենայի պարագաներ, մարզական գույք: Այս տարի հաճելի անակնկալ կմատուցվի հանգստացողներին. արհկոմիտեի ուժերով ձեռք բերված ալեհավաքի, տեղադրված մալուխների շնորհիվ հանգստացողները հնարավորություն կունենան դիտելու հեռուստահաղորդումներ: Առաջին բուժօգնության կազմակերպման, ջրի, գազի, էլեկտրաէներգիայի մատակարարման, ինչպես նաև սանմաքրման ու կոմունալ այլ ծառայությունների աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու համար կնքվել են պայմանագրեր:
Հիշեցնենք` ինչպես միշտ, ճամբարը կգործի 4 հերթափոխով հետևյալ ժամանակահատվածում` հուլիսի 5-ից հուլիսի 17-ը, հուլիսի 18-ից հուլիսի 30-ը, հուլիսի 31-ից օգոստոսի 12-ը, օգոստոսի 13-ից օգոստոսի 25-ը:
Ուղեգրի արժեքը ՀՊՏՀ աշխատակիցների և ուսանողների համար 35 հազար դրամ է, նրանց ընտանիքների անդամների համար` 40 հազար դրամ:
Ուղեգրերի վաճառքը սկսվել է հունիսի 12-ից։ Հետաքրքրող հարցերի և ուղեգրեր ձեռք բերելու համար պետք է դիմել ՀՊՏՀ արհկոմիտե:
Գիտխորհրդի երեկվա նիստում ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը հանձնարարեց առաջարկություններ ներկայացնել՝ միտված ճամբարի հետագա արդյունավետ շահագործմանն ու զարգացմանը։
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին