Բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնում կպատրաստվեն անշարժ գույքի գնահատում մասնագիտացմամբ մագիստրոսներ
Ինչպես տեղեկացանք բնօգտագործման տնտեսագիտության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Գևորգյանից, ամենամոտ ապագայում իրենց ամբիոնը ձեռնամուխ է լինելու անշարժ գույքի գնահատում մասնագիտացմամբ մագիստրոսական կադրերի պատրաստմանը: Նման մասնագիտացմամբ կրթական ծրագրի իրականացման համար հիմք է ծառայել օրերս (դեկտեմբերի 22) մեր համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի նախագահ Երվանդ Զախարյանի կողմից ստորագրված համագործակցության պայմանագիրը, որով կարևորվում է գործընկերությունը ՀՊՏՀ-ի և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի միջև` նպատակ ունենալով նպաստելու հանրապետությունում գնահատման գործունեության բնագավառում բարձրորակ մասնագետների պատրաստմանն ու վերապատրաստմանը, ինչպես նաև համալսարանի շրջանավարտներին համապատասխան աշխատանքով ապահովմանը:
Պրոֆեսոր Գևորգյանի հավաստիացմամբ` առաջիկայում կոմիտեի հետ կքննարկվեն և կհամաձայնեցվեն նշված մասնագիտացման ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը, մագիստրոսական ատենախոսությունների թեմաները: Ուսումնական գործընթացում կներգրավվեն կոմիտեի` համապատասխան փորձառություն ունեցող աշխատակիցները: Նախատեսվում է նաև դասագրքերի, ուսումնամեթոդական նյութերի համատեղ հրատարակում, գիտաժողովների և քննարկումների կազմակերպում: Եվս մեկ ուշագրավ փաստ. յուրաքանչյուր ուսումնական տարվա մեկնարկից առնվազն երեք ամիս առաջ կոմիտեն կներկայացնի տեղեկատվություն աշխատակազմում մագիստրոսական կրթական ծրագրի համապատասխան պահանջարկի վերաբերյալ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին