Ներկայացվեց «Մակրոտնտեսական վերլուծություն և կանխատեսում» ուսումնական ձեռնարկը

Դիտումների քանակ՝ 964

Այսօր համալսարանի նիստերի սրահում մակրոէկոնոմիկայի ամբիոնի նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Մակրոտնտեսական վերլուծություն և կանխատեսում» (Մակրոտնտեսագիտություն, 3-րդ մակարդակ) նոր ուսումնական ձեռնարկի շնորհանդեսը: Նշենք, որ ձեռնարկը լույս է ընծայվել վերոնշյալ ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ուժերով` ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, պրոֆեսոր Իշխան Տիգրանյանի ընդհանուր խմբագրությամբ: 
«Շնորհավորում եմ գրքի ծնունդը, շնորհակալություն եմ հայտնում հեղինակային խմբին, խմբագրին այն աշխատանքի համար, որը մակրոտնտեսագիտական այս կարևոր ուսումնական ձեռնարկին լույսընծայման ճանապարհ է հարթել»,-բացման խոսքում ասաց ՀՊՏՀ ռեկտոր պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:
Գրքի բովանդակությունը, հեղինակային խմբի կատարած աշխատանքը ներկայացնելով` պրոֆեսոր Տիգրանյանը նշեց, որ ամբիոնի նախկին վարիչ, տնտեսագիտության դոկտոր պրոֆեսոր, արժանահիշատակ Համազ Ղուշչյանի և ամբիոնի դասախոսների ջանքերի ու մտքի արգասիքն է այն: Նա հավաստիացրեց, որ հեղինակները ուրախ կլինեն լսելու առաջարկություններ ու դիտողություններ, որոնք հետագայում հաշվի կառնվեն լրամշակված հրատարակություններում:
Ելույթ ունեցան պրոֆեսորներ Գրիգոր Կիրակոսյանը, Գևուշ Բաղդասարյանը, դոցենտներ Կարեն Գրիգորյանը, Ծովինար Կարապետյանը` մեկ անգամ ևս արժևորելով ուսումնական ձեռնարկը՝ որպես մագիստրանտներին, ասպիրանտներին ու դասախոսների հասցեագրված լուրջ աշխատանք, որը տեսական խնդիրներ արծարծելուց զատ, շեշտադրել է նաև գործնական մակրոտնտեսագիտությունը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին