Միասնական աղոթք՝ հայ զինվորի համար
ՀՊՏՀ բակում այսօր համախմբվել էին ուսանողներն ու աշխատակիցները՝ միասնական աղոթք հնչեցնելու առ Աստված՝ ապրիլյան քառօրյա պատերազմում Արցախում զոհված մեր հերոսների հիշատակի և սահմանին մարտնչող զինվորների համար:
Ուսանողական խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման հյուրն էր Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի երիտասարդական կենտրոնի բուհերի և երիտասարդության գծով հոգևոր պատասխանատու Գեղամ սարկավագ Ավետիսյանը:
Ընդգծելով վերջին օրերին հայ ժողովրդի համախմբվածությունն ու միասնականությունը՝ սարկավագը նշեց, որ արցախյան դեպքերին մասնակից եղան բոլորը՝ ոմանք անմիջական մասնակցությամբ, ոմանք էլ՝ իրենց աղոթքներով ու զորակցությամբ: Նա նշեց՝ տեղյակ է, որ մի խումբ ՀՊՏՀ-ականներ վերջերս գտնվել են Արցախում և սատարել տեղի բնակչությանն ու զինվորներին, ապա հավելեց, որ այս օրերին հայոց երկրի պաշտպանության գործին են միացել նաև հոգևորականներ:
«Ավարայրից, Սարդարապատից, Արցախյան պատերազմից մինչև այժմ մենք ունենք բարձր ոգի: Յուրաքանչյուրիդ աղոթքն ի զորու է փրկել, Աստծո գութը շարժել: Աղոթենք, որ Աստված պահպանի մեր զինվոր-եղբայրներին և մեր հայրենիքը»,-նշեց սարկավագը:
Բուհերի հոգևոր պատասխանատուի հետ ՀՊՏՀ-ականները հնչեցրին «Տերունական» աղոթքը:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին