ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման հարցերի շուրջ բաց դաս ֆինանսական ֆակուլտետում
Ֆինանսական ֆակուլտետի 4-րդ կուրսում «Միջազգային տնտեսական հարաբերություններ» առարկայի (դասախոս՝ Լուսինե Աղաջանյան) դասն այսօր նվիրված էր Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տեխնիկական կանոնակարգման առանձնահատկություններին: ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանի հրավերով դասը վարում էր ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման վարչության փոխտնօրեն Լիլի Մաքսուդյանը: Մասնակցում էին ֆակուլտետի բակալավրիատի ավարտական կուրսերի ուսանողները, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Ինչպես asue.am-ի հետ զրույցում նշեց Լիլի Մաքսուդյանը՝ տնտեսագետ-ուսանողները պետք է ծանոթ լինեն ԵԱՏՄ գործունեությանը, մասնավորապես տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման գործընթացին, ուստի իրենց վարչության ներկայացուցիչները սիրով ընդունել են ՀՊՏՀ-ում բանախոսելու հրավերը:
Դասի ընթացքում անդրադարձ եղավ ԵԱՏՄ առաքելությանն ու նպատակներին, Հայաստանում դրա դերակատարմանը, ԵԱՏՄ-ի հետ կապվող տնտեսական զարգացման հեռանկարներին: Հաջորդիվ հյուրը հանգամանալից պարզաբանեց ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման վարչության գործունեությունը:
Հարցուպատասխանի օգնությամբ լսարանն ամփոփեց դասի ընթացքում ստացած գիտելիքները:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին