ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի ուղերձը Երիտասարդության համաշխարհային և Ուսանողության միջազգային տոների առիթով

Դիտումների քանակ՝ 1496

Իմ շա՛տ սիրելի ուսանողներ,

անցնող շաբաթն ամփոփեցինք տոնական մի մթնոլորտում, որի հասցեատերը կրկին դուք էիք և կրկին ձեր մասնակցությունն էր զարդարում ու փայլ տալիս յուրաքանչյուր միջոցառմանը: Երիտասարդության և ուսանողության տոների առիթով, թերևս, ձեզ ուղղված խոսքս նմանվի սիրո խոստովանության, այնուհանդերձ, պիտի անկեղծանամ ու արձանագրեմ՝ դուք մի հիասքանչ սերունդ եք, որը կրողն է բարձր ինտելեկտի, տեխնոլոգիական մտածողության, համարձակ է, պայքարող ու մրցունակ, ազնիվ ու շիտակ, զգացմունքային ու մարդամոտ:

Ի՞նչ կարող եմ մաղթել ձեզ: Որպես ծնող և մանկավարժ՝ նախևառաջ՝ առողջություն ու տոկունություն, իսկ որպես ուսումնական գործի կազմակերպիչ և բուհի ղեկավար՝ ցանկանում եմ տեսնել ձեր անհատական ձեռքբերումները, հպարտանալ յուրաքանչյուրովդ և, անշուշտ, ձեր միասնականությամբ ու համախմբվածությամբ, ձեզ հետ միասին վայելել մեր սիրելի համալսարանի հավաքական հաջողությունները:

Երիտասարդությունը և հատկապես ուսանողական տարիները մարդու կյանքում անփոխարինելի ժամանակաշրջան է, որը ներդաշնակորեն միահյուսում է գիտելիքը, սերը, պատասխանատվությունը, անհոգությունը: Ցանկանում եմ, որ այդ երանելի փուլն ապրել-վայելելու բացառիկ հնարավորությունից խելամտորեն օգտվեք:

Սիրելինե՛րս, կերտե՛ք ձեզ, սովորե՛ք, զարգացե՛ք, աշխատե՛ք, նվաճե՛ք, խանդավառվե՛ք, օրինա՛կ դարձեք ու սովորեցրե՛ք։ Եվ մաղթում եմ գլխավորը՝ ձևավորեք ձեր ինքնագնահատականը և դրան համարժեք նշաձող սահմանեք՝ պահպանելով այն անզուգական որակները, որոնք արդեն թվարկեցի:

Հավաստիացնում եմ՝ Տնտեսագիտական համալսարանի ղեկավարությունը ձեր կողքին է, նրա բոլոր նախաձեռնությունների, ջանքերի ու նպատակների առանցքում դուք եք, ձեր երջանիկ ապագան, մեր երկրի վաղվա օրը:

Ամեն օր ու ամեն ժամ կերտեք ձեզ՝ երբեք չդադարելով հավատալ ու երազել, համակված եղեք աշխարհն ավելի լավը դարձնելու նախանձախնդրությամբ:

Շնորհավոր ձեր տոնը։

Ես երջանիկ մարդ եմ, որովհետև պատիվ ունեմ աշխատելու ձեզ նման երիտասարդության հետ:

Հարգանքով՝
ԴԻԱՆԱ ԳԱԼՈՅԱՆ
ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար