ՀՊՏՀ-ն աշխուժացնում է կապերը արտադրական ոլորտի գործատուների հետ

01.11.2023
Դիտումների քանակ՝ 701

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ակտիվացնում է գործակցային կապերը արտադրական ոլորտի գործատուների հետ։ Այսօր ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և «Յունիոն» ՍՊԸ զարգացման գծով տնօրեն Ռոբերտ Հովսեփյանը ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Նշված ՍՊԸ-ն իրականացնում է «Հայ կոլա» ապրանքանիշի արտադրությունը։

«Մենք կարևորում ենք արտադրության ոլորտի գործընկերների հետ կապերի հաստատումը՝ ի նպաստ մեր ուսանողների հմտությունների զարգացման, գործունակության բարձրացման։ Առհասարակ, տնտեսության ապագան արտադրության ոլորտում ենք տեսնում և անչափ կարևորում ենք այսպիսի գործընկերային կապերի հաստատումը»,- ասաց ՀՊՏՀ ռեկտորը։

Ընկերության ղեկավարը շնորհակալություն հայտնեց ընդունելության և արտադրության ոլորտի ներկայացուցիչների հետ համագործակցությունը կարևորելու համար, ապա հետաքրքրվեց՝ ուսանողներն ավելի շատ կառավարչակա՞ն, թե՞ արտադրական ոլորտում զբաղվածությանն են հակված։ Ի պատասխան ռեկտորը նշեց, որ ուսանողներն մեծապես հետաքրքրված են նաև արտադրության ոլորտով։

Կողմերը մեկնարկել են թափուր հաստիքների համալրման աշխատանքները, այսօր հստակեցվեց նաև գործընկեր կազմակերպությունում փորձառության անցկացման հարցը։