Կյանքից հեռացել է Մարսել Ասլանյանը

Դիտումների քանակ՝ 2427

ՀՊՏՀ աշխատանքի տնտեսագիտության ամբիոնը խոր ցավով հայտնում է, որ կյանքից հեռացել է ամբիոնի վաստակաշատ դասախոս, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Մարսել Սերոբի Ասլանյանը: Հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ մարտի 9-ին, Էրեբունի համայնքի «Մեմորիալ» սգո սրահում:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն իր ցավակցությունն է հայտնում ընտանիքի անդամներին, հարազատներին, բոլոր ճանաչողներին և հավաստիացնում՝ Մարսել Ասլանյանի մարդկային կերպարը, ազգանվեր գործունեությունը վառ կմնան բոլորի սրտերում:

ՀՊՏՀ աշխատանքի տնտեսագիտության ամբիոնի տրամադրած կենսագրական հակիրճ անդրադարձով հիշենք նրա ուսումնառության ու աշխատանքային կենսագրության կարևորագույն հանգրվանները. ծնվել է 1933 թ. նոյեմբերի 5-ին Երևանում, ծառայողի ընտանիքում: 1952 թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան միջնակարգ դպրոցը:

1952-ին ընդունվել և 1957 թ. ավարտել է ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետը, ապա աշխատանքի անցել Երևանի նուրբ բրդյա գործվածքների կոմբինատում՝ որպես նորմավորող: 1958-1959 թթ. աշխատել է Գյուղէկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտում որպես ավագ գիտատեխնիկական աշխատող, իսկ 1960-1962 թթ.՝ Երևանի էլեկտրալամպերի գործարանում՝ նորմավորող, նորմատիվային-հետազոտական խմբի ղեկավար և ապա գործարանի աշխատանքի-աշխատավարձի բաժնի պետի տեղակալ: 1962-1966 թթ. աշխատել է ՀՍՍՀ Ժողտնտխորհրդի տնտեսագիտական հետազոտությունների բաժանմունքում՝ սկզբում որպես ավագ տնտեսագետ, ապա սեկտորի վարիչ: 1966 թվականից աշխատել է տեքստիլ մեքենաշինական համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղում որպես տեխնիկա-տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ: 1968 թ. ընդունվել է ասպիրանտուրա, 1970 թ. աշխատանքի է անցել ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ժողովրդական տնտեսության պլանավորման ամբիոնում որպես ասիստենտ, ապա՝ ավագ դասախոս: 1971 թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «Աշխատանքի վարձատրման կատարելագործումը նոր պայմաններում (ՀՍՍՀ-ի քիմիական արդյունաբերության օրինակով)» թեմայով, ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան, 1973 թ.՝ դոցենտի կոչում:

1975 թվականից՝ մեր համալսարանի հիմնադրման տարվանից, ԵրԺՏԻ աշխատանքի տնտեսագիտության ամբիոն դոցենտ էր մինչ 2013 թվականը: Մեծ է նրա ավանդը նաև աշխատանքի էկոնոմիկայի ֆակուլտետի ձևավորման գործում. 1979-1984 թթ. աշխատել է որպես այդ ֆակուլտետի դեկան:

Մարսել Ասլանյանը ակտիվորեն մասնակցել է մի շարք ձեռնարկություններում աշխատանքի կազմակերպման, նորմավորման, վարձատրման գծով տարվող հետազո-տական աշխատանքներին, դրանց արդյունքների ներդրմանը: Մասնակցել է հանրապետության շրջանների սոցիալ-տնտեսական զարգացման պլանների կազմման աշխատանքներին: