ՀՊՏՀ-ականները կրկին Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի անվանական կրթաթոշակակիրներ են
Այսօր՝ փետրվարի 22-ին, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում կայացավ Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի հայտարարած անվանական կրթաթոշակի մրցույթի հաղթողի հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությունը։
Անվանական կրթաթոշակի արժանացան ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողներ Լուիզա Գևորգյանը, Էլինա Հակոբյանը և ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողներ Սյուզի Ավետիսյանը, Կիմա Հարությունյանը, Անաստասիա Գրիգորյանը, Տաթև Հակոբյանը, Ռուբինա Խաչիկյանը։
Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանը, շնորհավորելով կրթաթոշակիր ուսանողներին, արժևորեց ասոցիացիայի և Տնտեսագիտական համալսարանի համագործակցությունը, որի բաղադրիչներից մեկը այս կրթաթոշակի մրցույթն է՝ նպատակաուղղված երիտասարդ սերնդի կրթության որակի բարելավմանը, որի արդյունքում, նրա խոսքով, յուրաքանչյուր շահառու կարող է մասնագիտական ասպարեզում կատարելագործվել, հաջողության հասնել և բարիք ստեղծել հանրության համար:
ՀՊՏՀ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի դեկան Մերի Բադալյանը Տնտեսագիտականի և ասոցիացիայի շարունակական համագործակցությունը բարձր գնահատեց՝ հավաստելով, որ կրթաթոշակային մրցույթը առանձնակի կերպով խթանում է ուսանողների ուսումնական մրցակցությունը և մոտիվացվածությունը, ապա շնորհավորեց կրթաթոշակակիրներին և մաղթեց բարի երթ։
ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի ժ/պ Լուսինե Կարապետյանը ՀՀԱ ղեկավարությանը շնորհակալություն հայտնեց ՀՊՏՀ քոլեջի համար ստեղծված աննախադեպ հնարավորության համար, որով միջին մասնագիտական կրթական ծրագրով սովորողները նման օգտակար ծրագրի շահառու են դառնում։
Կրթաթոշակակիրներին շնորհավորեց նաև «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ Վախթանգ Միրումյանը՝ խրախուսելով զարգացման և առաջընթացի այն ձգտումը, որով համակված են անվանական կրթաթոշակի մրցույթի հաղթողները։
Միջոցառմանը ներկա էին նաև նախորդ տարվա կրթաթոշակակիրները, որոնք իրենց մասնագիտական կարողություններն ու հմտություններն են զարգացնում ասոցիացիայի հովանու ներքո։
Շնորհավորում ենք կրթաթոշակակիրներին և մասնագիտական առաջխաղացման ճանապարհին մաղթում նրանց նորանոր ձեռքբերումներ։
Միջոցառման մյուս լուսանկարները՝ ՀՊՏՀ ֆեյսբուքյան էջում։