ՀՊՏՀ-ականներին հանձնվեցին անվանական կրթաթոշակի հաղթողի հավաստագրեր

09.11.2023
Դիտումների քանակ՝ 933

Նոյեմբերի 8-ին ՀՊՏՀ-ում կայացավ Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի հայտարարած անվանական կրթաթոշակի հաղթողի հավաստագրերի հանձնման պաշտոնական արարողությունը։ Անվանական կրթաթոշակի հաղթողները 8-ն էին՝ 4-ը «Հաշվապահական հաշվառում և աուդիտ» ֆակուլտետի, 4-ը՝ ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի ուսանողներ։

Նրանց շնորհավորեց ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը․ «Հաշվապահության ոլորտը ամենադինամիկ զարգացող ոլորտներից է և, hուրախություն մեզ, այն համալրվում է նաև մեր համալսարանի կադրերով։ Բարձրորակ մասնագետներ պատրաստելու գործում մենք համագործակցում ենք ոլորտի գործատուների հետ՝ ուսանողների համար կազմակերպելով տարատեսակ վարպետության դասեր, սեմինարներ, քննարկումներ և դասընթացներ, ինչը, կարծում եմ, կծառայի մեր ուսանողների կարիերայի աճին»։ Ռեկտորի խոսքով՝ ՀՊՏՀ-ն վերջին տարիներին 200-ից ավելի համագործակցության հուշագրեր ու պայմանագրեր է կնքել հանրապետության գործատուների հետ։

Ասոցիացիայի նախագահ Վահագն Համբարձումյանի խոսքով՝ ՀՊՏՀ-ի հետ համագործակցությունը չի սահմանափակվելու անվանական կրթաթոշակով, նախատեսվում է իրականացնել ՀՊՏՀ քոլեջի 1 լսարանի վերանորոգում և կահավորում։ Շնորհավորելով կրթաթոշակակիրներին՝ Վահագն Համբարձումյանը խորհուրդ տվեց․ «Երբեք ձեր ապագայի կառուցումը մի՛ դրեք այլոց վրա, ինքնե΄րդ կառուցեք ձեր ապագան։ Օգտագործե՛ք ընձեռվող հնարավորությունները, դարձե՛ք բարձր որակավորմամբ մասնագետներ, և ես երաշխավորում եմ, որ բոլոր գործատուները խնդրելու են, որ դուք իրենց մոտ աշխատեք»: