«Մարդկային ռեսուրսների կառավարում» ՀՊՏՀ մագիստրոսական ծրագիրը պաշտոնապես համապատասխանեցվել է SHRM-ի HR կրթական ծրագրի ուղեցույցին
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «Մարդկային ռեսուրսների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրը մինչև 2028 թվականը պաշտոնապես համապատասխանեցվել է SHRM-ի (Մարդկային ռեսուրսների կառավարման միջազգային համայնք) HR կրթական ծրագրի ուղեցույցին և ձևանմուշներին:
Այսպիսով, մեր համալսարանի կողմից առաջարկվող մագիստրոսական ծրագիրը միանում է աշխարհի շուրջ 500 ծրագրերին, որոնք համապատասխանում են SHRM-ի միջազգային չափանիշներին։
SHRM-ի HR ուսումնական ծրագրի ուղեցույցը և ձևանմուշները մշակվել են HR ուսանողների համար բակալավրի և մագիստրոսի մակարդակներում ուսումնասիրության նվազագույն բովանդակության ոլորտները սահմանելու նպատակով: Ուղեցույցները, որոնք ստեղծվել են 2006 թվականին և թարմացվել 2010, 2013, 2017 և 2022 թվականներին, SHRM-ի ակադեմիական նախաձեռնության մաս են կազմում՝ սահմանելու HR կրթության չափանիշները, որոնք դասավանդվում են համալսարաններում և օգնում վերջիններիս մշակել ուսումնական ծրագրեր, որոնք համապատասխանում են այդ չափանիշներին:
SHRM-ը ստեղծվել է 1948 թ․՝ ամբողջ աշխարհում գործատուների և աշխատակիցների հարաբերությունների բարելավման և համատեղ աճի խթանման նպատակով։ Ասոցիացիան ունի գրեթե 325,000 անդամ 165 երկրներում և իր դրական ազդեցությունն է թողնում ավելի քան 235 միլիոն աշխատողների կյանքի վրա։