«Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոնի» հետ կնքվեց հեռանկարային համագործակցության հուշագիր

15.12.2022
Դիտումների քանակ՝ 1316

Երեկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում էին «Հայաստանի ռազմավարական զարգացման կենտրոն» հիմնադրամի (ՀՌԶԿ) տնօրեն Կարեն Ավագյանը, տնօրենի օգնական Դիանա Արմաղանյանը և հիմնադրամի իրավաբան-վերլուծաբան Լենա Անտոնյանը։

Տնտեսագիտական համալսարանի հետ ՀՌԶԿ-ն մտադիր է փոխգործակցության երկարաժամկետ հեռանկարներ նախանշել, մասնավորապես՝ օգտագործել բուհի գիտական ներուժը՝ որպես փորձագետներ և խորհրդատուներ ներգրավելով հիմնադրամի աշխատանքային խմբերում։

Ողջունելով համագործակցության մեկնարկը՝ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանն ասաց, որ Տնտեսագիտական համալսարանը, հանդիսանալով Հայաստանում միակ տնտեսագիտական բուհը, արդյունավետ համագործակցում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և նրան կից կառույցների հետ, որոնք ոչ միայն գործընկեր, այլ նաև գործատու են բուհի համար։

«Լինելով պետական բուհ՝ մեր մեծ ցանկությունն է դերակատար լինել պետության կյանքում և նշանակալի արդյունավետություն ապահովել։ Հուսով եմ՝ համաձայնագիրը թղթի վրա չի մնա, և մենք կկարողանանք հետազոտական այնպիսի հենք ստեղծել, որով օգտակար կլինենք Հայաստանի Հանրապետությանը»,- ընդգծեց Դիանա Գալոյանը։

Շնորհակալություն հայտնելով գործընկերության համար՝ ՀՌԶԿ տնօրեն Կարեն Ավագյանը ՀՊՏՀ ռեկտորին ներկայացրեց փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ հիմնադրամի պատկերացումները՝ հավաստելով, որ ՀՊՏՀ-ի և հիմնադրամի համագործակցությունը զարգացման տեսանելի հեռանկարներ ունի։

«Առավել քան վստահ եմ, որ այն ճանապարհը, որ անցնելու ենք միասին, արդյունավետ կլինի թե՛ փորձի փոխանակման և թե՛ գործնական կիրառության առումով»,- ընդգծեց Կարեն Ավագյանը։

Հանդիպումը նշանավորվեց հուշագրի ստորագրմամբ, որի ավարտին կողմերը պայմանավորվեցին քննարկել և մշակել համագործակցության արդյունավետ այլ ձևաչափեր ևս։