Հայտնի են ՈւԳԸ համալսարանական նստաշրջանի լավագույն աշխատանքները

Դիտումների քանակ՝ 3672

ՀՊՏՀ Ուսանողական գիտական ընկերության (ՈՒԳԸ) 39-րդ նստաշրջանն ամփոփվեց: Հունվարի 29-30-ը ՀՊՏՀ ղեկավարությունն ու ֆակուլտետային պատասխանատուները լսեցին բակալավրիատի և մագիստրատուրայի 30 ուսանողի: Տնտեսագիտական արդիական թեմաներով գիտական աշխատանքներ՝ հագեցած հեղինակային մեկնաբանություններով, փաստերով, համեմատական վերլուծություններով, և իհարկե, եզրակացություններով ու առաջարկություններով: Զեկուցողները աչքի ընկան ոչ միայն հետազոտական հմտություններով, այլև համոզիչ ու ազդեցիկ բանավոր խոսքով:

Մրցութային հանձնաժողովի նախագահը Թաթուլ Մկրտչյանն էր, հանձնաժողովի կազմում էին «Ամբերդ» հետազոտական կենտրոնի Դավիթ Հախվերդյանը, գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Խորեն Մխիթարյանը, ռեկտորի խորհրդական Լիլիթ Դադայանը, ՈւԳԸ ֆակուլտետային պատասխանատուները՝ Գայանե Ավագյան, Նարինե Միրզոյան, Էդգար Աղաբեկյան, Լուսինե Կարապետյան, Անուշ Շիրինյան, Անուշ Գասպարյան, ՈւԽ նախագահ Գոռ Մելիք-Սահակյանը, ՈւԽ ուսումնագիտական հանձնաժողովի նախագահ Արև Մանուկյանը:

Ամփոփելով ելույթները՝ գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը ՈւԳԸ գործունեությունը վերականգնելու և խթանելու առաջին փորձը ստացված համարեց:

«Վստահեցնում եմ, որ ձեր հետազոտական աշխատանքներն այսուհետ ավելի գրագետ, ավելի արժեքավոր են լինելու, մեր դիտողություններն ու խորհուրդները ձեզ համար ուղղորդող են լինելու, սա գիտական աշխատանք կատարելու յուրատեսակ փորձ է դառնալու ձեզ համար»,-ասաց Թաթուլ Մկրտչյանը և հորդորեց շարունակել զբաղվել գիտությամբ, կատարել հետազոտություններ, ինքնակատարելագործվել:

Գնահատելով հոդվածի բովանդակությունը, աշխատանքի ինքնուրույնությունը, ներկայացման որակը, հարցերին պատասխանելու ամբողջականությունն ու խորությունը՝ հանձնաժողովը վճռեց բակալավրիատի 1-3-րդ և մագիստրատուրայի 1-2-րդ մրցանակակիրներին: Այսպիսով, բակալավրիատում 1-ին տեղը զբաղեցրեց հաշվապահական հաշվառում և աուդիտի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Հայկ Քալանթարյանի «Քրաուդֆանդինգի կարգավորման հեռանկարները ՀՀ-ում» գիտական աշխատանքը, 2-րդ մրցանակը ստացավ ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի 4-րդ կուրսեցի Անդրանիկ Մարգարյանը՝ «Տնտեսության ֆինանսական կայունության և դոլարայնացման փոխազդեցության արդի հիմնախնդիրները» աշխատանքի համար, հավասար միավորներով 3-րդ տեղը զբաղեցրեցին հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանողուհի Թամարա Ղազարյանը՝ «Վենչուրային հիմնադրամների էությունը, դրանց խթանման ուղիները պետության կողմից» աշխատանքի համար և ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի 4-րդ կուրսեցի Տաճատ Պապոյանը՝ «ՀՀ տնտեսական աճի տարածքային շերտավորման վրա ազդող գործոնների բազմաչափ վիճակագրական վերլուծություն» աշխատանքի համար:

Մագիստրատուրայում լավագույնը ճանաչվեց կառավարման ֆակուլտետի 1-ին կուրսեցի Քրիստինե Թաթոսյանի «ՀՀ մարզերի սոցիալ-տնտեսական վիճակի և զբոսաշրջության զարգացման ներուժի գործոնային գնահատում» գիտական աշխատանքը, 2-րդ մրցանակակիրը կառավարման ֆակուլտետի 2-րդ կուրսեցի Վահրամ Ասատրյանն է, ով հանդես էր եկել «Բնակչության դրամական եկամուտների անհավասարության դրսևորումները ՀՀ-ում» գիտական աշխատանքով:

Մրցանակակիրները արժանանալու են խրախուսական դրամական պարգևների: Պարգևատրումը տեղի կունենա առաջիկայում:

Շնորհավորում ենք լավագույն աշխատանքների հեղինակներին, բոլոր մասնակիցներին:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին