Գրքատոնը ՀՊՏՀ-ում նշանավորվեց մոտիվացնող միջոցառումներով

19.02.2021
Դիտումների քանակ՝ 2978

Փետրվարի 19-ին նշվում է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, ինչպես նաև՝ գիրք նվիրելու օրը։ Օրվա խորհուրդը ՀՊՏՀ գրադարանում նշանավորվեց ոգեշնչող հանդիպմամբ․ հյուր էր «Բի Էս Սի» բիզնեսի աջակցման կենտրոն (BSC) խորհրդատվական ընկերության հիմնադիր- տնօրեն մի շարք գրքերի հեղինակ Սամվել Գևորգյանը, որի «1 րոպե անց» գիրքը վերջերս է լույս ընծայվել: Ներկա էին ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը, գիտության գծով պրոռեկտոր Թաթուլ Մկրտչյանը, արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, գրադարանի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, աշխատակիցներ, ուսանողներ, ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական և Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջի սաները։

Ներկաներին ողջունեց Արմինե Հովհաննիսյանը և նշեց, որ արդեն 2-րդ անգամ ՀՊՏՀ-ում Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառման բանախոս-հյուրը գործարար, գրող Սամվել Գևորգյանն է։

Գրքի հեղինակի հետ զրույցը խարսխված էր հենց «1 րոպե անց» գրքի ստեղծման պատմության վրա, որի բովանդակությունը հաջողության պատմություն է՝ հիմնված անձի ինքնազարգացման վրա։ Գիրքը ծնունդ է առել ծանր փորձությունների տարում՝ 2020-ին, երբ մարդկային հարաբերությունների և աշխատանքային գործունեության երբեմնի «կանոնները» փոխվեցին, հաղորդակցությունը տեղափոխվեց առցանց տիրույթ։ Ինքնակատարելագործվելու, ժամանակը ճիշտ կառավարելու, ամեն րոպեի մեջ գիտելիք որոնելու և իմաստնանալու նուրբ արվեստի մասին պատմող գիրքը լայն արձագանք է ստացել, մի քանի օրում վաճառվել է 1000 օրինակ՝ ոգեշնչելով ընթերցողներին։

«Եթե մենք 1 րոպե անց ավելի լավը չենք, քան 1 րոպե առաջ էինք, ուրեմն չենք զարգացել, մենք միշտ սպասում ենք, որ ինչ-որ բանի ժամանակը գա, բայց իրականում ժամանակը գնում է, ուրեմն պետք է գործել հիմա և արդյունքը տեսնել մեկ րոպե անց»,-նշեց բանախոսը։

Նա ապագա տնտեսագետների համար պարզաբանեց բիզնես գաղափարների իրականացման հետ կապված մի շարք հարցեր՝ հորդորելով գործել արագ ու անվախ, վստահեցնելով, որ որտեղ կա ռիսկ, այնտեղ կա հնարավորություն։

Սամվել Գևորգյանը «1 րոպե անց» գրքի օրինակ նվիրեց ռեկտոր Դիանա Գալոյանին՝ խնդրելով այն նվիրել ՀՊՏՀ լավագույն ուսանողին։ Ռեկտորը նշեց, որ գուցե փոքր-ինչ սուբյեկտիվ լինի, բայց իր համար բուհի լավագույն ուսանողը ՏԿ և ՄՏՀ ֆակուլտետի 4-րդ կուրսեցի, Միքայել Քոթանյանի անվան կրթաթոշակակիր Նարինե Պետրոսյանն է։ Հեղինակի մակագրությամբ գիրքը Դիանա Գալոյանը նվիրեց Նարինեին։

Սամվել Գևորգյանի հետ հանդիպման ավարտը սկիզբ դրեց մեկ այլ գեղեցիկ միջոցառման․ՀՊՏՀ-ն և Mybookstore առցանց գրախանութը վավերացրին իրենց գործընկերությունը։ Ռեկտոր Դիանա Գալոյանը և գրախանութի հիմնադիր-տնօրեն, ՀՊՏՀ շրջանավարտ Լևոն Ստեփանյանը ստորագրեցին հուշագիր, որով, ի թիվս գործընկերության մի շարք դրսևորումների, Mybookstore գրախանութը պարտավորվում է ՀՊՏՀ ուսանողներին (նաև` մասնաճյուղերի) ցանկացած գիրք տրամադրել 10 տոկոս զեղչով։

Դիանա Գալոյանը, ներկայացնելով Լևոն Ստեփանյանին, ողջունեց նրա նախաձեռնողականությունն ու աշխատելու մեծ մղումը, որի շնորհիվ նա կարողացել է հիմնել ու ընդլայնել Հայաստանում առաջին առցանց գրադարանը։

Լևոնը ներկաներին պատմեց իր բիզնեսի ստեղծման մասին՝ շեշտադրելով, որ սկսել է ընդամենը 3000 դրամով։ Նրա խոսքով, եթե կա յուրահատուկ բիզնես-գաղափար, իրականացման համար գումարն այնքան էլ կարևոր չէ, որքան այն իրականություն դարձնելու ցանկությունը։

Գրքատոնին, իհարկե, սպասված նվերները գտան իրենց հասցեատերերին․ գրադարանին գրքեր նվիրեցին Սամվել Գևորգյանը, Դիանա Գալոյանը, Թաթուլ Մկրտչյանը, ուսանողներն ու հյուրերը, միմյանց գրքեր նվիրեցին ՀՊՏՀ և քոլեջների ուսանողները։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին