ՀՊՏՀ-ում մեկնարկել է ամփոփիչ ատեստավորման գործընթացը (լուսանկարային շարք)
2020-2021 ուսումնական տարվա ամփոփիչ ատեստավորման գործընթացը մեկնարկել է: Այսպիսով, առկա և հեռակա ուսուցման ուսանողները պաշտպանում են ավարտական (դիպլոմային) աշխատանքներ, իսկ առկա ուսուցման մագիստրատուրայի ավարտական կուրսերի ուսանողները՝ մագիստրոսական թեզեր։
Այսօր պաշտպանություններ էին կառավարում, ֆինանսներ, հաշվապահական հաշվառում և հարկում մասնագիտությունների առկա ուսուցման 4-րդ կուրսերում։
аsue.am-ը հետևել է պաշտպանությունների ընթացքին, զրուցել մասնակիցների հետ ու արձանագրել ակնթարթներ։
Նշենք, որ կառավարում մասնագիտության ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովը նախագահում է ԵՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը, ֆինանսներինը՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Էդուարդ Ղազարյանը, հաշվապահական հաշվառում և հարկում մասնագիտության հանձնաժողովի նախագահն է ՀՖՖ ակադեմիայի հաշվապահ, Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի դոցենտ Լուսինե Խաչատրյանը։
Վարդան Բոստանջյանի խոսքով՝ այսօր կառավարում մասնագիտության ուսանողների ներկայացրած աշխատանքների արդիականությունը անհրաժեշտ մակարդակի էին։ «Այսօրվա պաշտպանություններից ունեմ ընդգծված դրական տպավորություն, որը նախանշան է, որ մեր երկրի երիտասարդ կադրերի պատրաստականությունը բարձր հիմքերի վրա է։ Իմ համոզմամբ՝ ՀՊՏՀ նորաթուխ մասնագետների բարձր պատրաստականության գործում էական է բուհի ղեկավարության դերակատարումը»,-ասաց հանձնաժողովի նախագահը։
Ֆինանսական ֆակուլտետի դեկան Վահե Միքայելյանն ասաց, որ ինչպես ընդունված է՝ առաջինն աշխատանքները պաշտպանում են լավագույն ուսանողները։ Նա ներկա է եղել այսօրվա պաշտպանությանն ու արձանագրում է՝ ստեղծվել են քննական պատշաճ պայմաններ ու տրամադրող մթնոլորտ։
«Այսօր հանձնաժողովի ուշադրությանն են ներկայացվել փայլուն աշխատանքներ, հնչել են արժեքավոր առաջարկություններ։ Ուրախ ենք լսել մեր առաջավոր ուսանողների հիանալի ելույթները»,– ասաց դեկանը։
Կառավարչական հաշվառման և աուդիտի ամբիոնի վարիչ Լիանա Գրիգորյանը, անդրադառնալով ավարտական աշխատանքների որակին, նշեց, որ հաշվապահական հաշվառում և հարկում մասնագիտության ուսանողների զգալի մասն ուսումնառությանը զուգահեռ աշխատել է տարբեր ընկերություններում, ինչով պայմանավորված՝ նրանց աշխատանքները հագեցած են գործնական մասով, հարուստ կիրառական առաջարկություններով։
Կառավարում մասնագիտության գերազանցիկ ուսանողուհի Լիդա Հովհաննիսյանը, ով առաջինը ներկայացավ հանձնաժողովին և փայլուն պաշտպանեց «Ժամանակի կառավարման տրամաբանությունը և անհրաժեշտությունը որպես կազմակերպությունների մրցունակության բարձրացման գործոն» աշխատանքը, asue.am-ի հետ զրույցում ներկայացրեց իր տպավորությունները։
Նա նշեց, որ Կարմիր դիպլոմի հավակնորդ է և հույս ունի՝ կարժանանա. «Այսօր պատասխանատու օր է մեզ համար, և՛ հուզված ենք, և՛ աչալուրջ։ Ավարտում ենք բակալավրիատը, և սա մեր մասնագիտացման ճանապարհին առաջին մեծ ձեռքբերումն է։ Ես պատրաստվում եմ ուսումս շարունակել մագիստրատուրայում և աշխատել նախագծերի կառավարման ոլորտում։ Շնորհակալ եմ իմ համալսարանին»։
Ամփոփիչ ատեստավորման գործընթացն առաջիկա շաբաթներին մեր տեսադաշտում կլինի, կշարունակենք լուսաբանումները։
Բուհն ավարտողներին մաղթում ենք հաջողություն։
Հավելենք, որ գործընթացն իրականացվում է հակահամաճարակային բոլոր կանոնների խիստ պահպանմամբ։
ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին