Պատրաստ է «Բանբեր ՀՊՏՀ»-ի առաջին անգլիալեզու համարը

22.12.2021
Դիտումների քանակ՝ 958

«Բանբեր ՀՊՏՀ» գիտական հանդեսի նոր, ամբողջությամբ անգլիալեզու համարի էլեկտրոնային տարբերակը համալսարանի պաշտոնական կայքում առցանց է: 2021 թ. 5-րդ թողարկման մեջ տեղ գտած խորագրերն ու հոդվածները ներկայացնենք հաջորդիվ:

«Ֆինանսներ» խորագրում են տեղ գտել Կարեն Ներսեսյանի և Մարիամ Գրիգորյանի «Արտաքին աուդիտի մարտահրավերները կորոնավիրուսային համավարակի ժամանակ», Էրիկ Գրիգորյանի «ՀՀ ռեզիդենտ տնային տնտեսությունների խնայողության վարքագծի վրա սոցիալ-տնտեսական գործոնների ազդեցությունը» հոդվածները:

«Կառավարում» խորագրի ներքո են հանդես գալիս Տիգրան Մարտիրոսյանը, Եվգենյա Բազինյանը, Սարգիս Ասատրյանցը, Հայկարամ Դրմեյանը և Նարինե Պետրոսյանը «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված պետական քաղաքականության վերլուծություն (Բերդ համայնքի օրինակով)», ինչպես նաև Համազասպ Գալստյանը, Գագիկ Բադադյանը և Սասուն Սահակյանը «Պետական համաֆինանսավորման հիմնախնդիրները ՀՀ առողջապահական համակարգում» հոդվածներով:

Դիանա Գալոյանի, Դավիթ Հախվերդյանի, Մանուկ Մովսիսյանի և Լուսինե Կարապետյանի «COVID-19 համավարակի ազդեցությունը ՀՀ բնակչության մահացության վրա» հոդվածը զետեղված է «Սոցիալական քաղաքականություն» խորագրում, որում տեղ է գտել նաև Արման Սարգսյանի և Կամո Դավթյանի «Զբաղվածության միտումները և մակրոտնտեսական փոխառնչությունները» հոդվածը:

«Շուկաներ և մրցակցություն» խորագրում ներկայացված է Գայանե Թովմասյանի «Առողջապահական զբոսաշրջությունը Հայաստանում. զարգացման հնարավորություններն ու հեռանկարները», «Միջազգային տնտեսագիտություն»-ում՝ Աննա Փախլյանի, Սուսաննա Աղաջանյանի, Տաթևիկ Վարդանյանի, Տիգրան Միքայելյանի և Անի Հարությունյանի «Թուրքիայի կողմից հնարավոր ապաշրջափակման ազդեցությունը Հայաստանի տնտեսության զարգացման վրա» հոդվածները:

Արեստակես Սիմավորյանը, Վարդան Աթոյանը և Սոսե Սիմավորյանը «Քաղաքագիտություն» խորագրում ընթերցողին են առաջարկում «Թուրքական ուղեղային կենտրոնների դերը պետություն−սփյուռք հարաբերություններում. SETA-ի և ORSAM-ի օրինակով» հոդվածը, իսկ համարը եզրափակում է Լուսինե Հարությունյանի և Լիլիթ Բեքարյանի «Սխալների ուղղումը անգլերենի դասավանդման համատեքստում» հոդվածը՝ «Դասավանդման մեթոդաբանություն» խորագրում:

«Բանբեր ՀՊՏՀ» գիտական անգլիալեզու հանդեսի էլեկտրոնային տարբերակին ծանոթացեք այստեղ: