Մեկնարկել է «Ուսանողական գարուն» փառատոնը՝ ընդլայնված ձևաչափով

13.04.2021
Դիտումների քանակ՝ 950

Ֆուտզալի առաջնությամբ երեկ ՀՊՏՀ-ում մեկնարկել է «Ուսանողական գարուն-2021»-ը։ ՀՊՏՀ ուսանողական խորհրդի կողմից կազմակերպվող ամենամյա այս փառատոնը կրկին նոր շունչ է բերել համալսարանական առօրյային։ Միջոցառման ընդլայնված ձևաչափը առողջ մրցակցային հարթակում մեկտեղում է ոչ միայն ՀՊՏՀ, այլև ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի և Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողներին։

ՈւԽ նախագահ Գոռ Մելիք-Սահակյանի խոսքով՝ սպասված փառատոնը մինչև այս կիսամյակի ավարտը ուսանողական կյանքը նոր գույներով կլրացնի, վերստին առողջ ապրելակերպի, համախմբման, մշակույթը սիրելու կոչ կանի։

Եվ այսպես, մինչև մայիսի սկիզբը տեղի կունենան ֆուտբոլի, բասկետբոլի, սեղանի թենիսի, հրաձգության, բազկամարտի, պարանի ձգման, սպորտլանդիայի, աքլորակռվի, բադմինտոնի առաջնություններ, որոնց կհաջորդեն մշակութային ու ինտելեկտուալ մրցույթները՝ համալսարանականներին նվիրելով հանդիսությունների մի ողջ շարք։ Վերջում, առաջնությունների և մրցույթների հանրագումարային արդյունքով, հայտնի կդառնա փառատոնի լավագույն ֆակուլտետը կամ թիմը։
Փառատոնի հանդիսավոր բացումը բուհի մարզադահլիճում կկայանա ապրիլի 15-ին, ժամը 14․00-ին։
Մասնակիցներին մաղթում ենք հաջողություն։

ՀՊՏՀ մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժին