«Տնտեսագետը»` հերոսապատումի ու ծանր փորձությունների մասին

06.12.2020
Դիտումների քանակ՝ 1062

Սիրելի ընթերցող, ՀՊՏՀ պաշտոնական կայքի այցելու, «Տնտեսագետ» երկամսյա պարբերականը կրկին ձեզ հետ է: Մեր տխրալի ժամանակներում այն պատրաստ է իր ժողովրդի հետ կիսելու համազգային վիշտը, կորուստների ցավը: Մեր հեղինակներն իրենց գրչով և հերոսներն իրենց հպարտ ներկայությամբ վավերագրում են այն, ինչը մեր ներկան է, մեր իրականությունը` տխուր, գլխահակ, բայց ոչ վհատ:

Ամսագրի էջերից մեզ են նայում մեր նորօրյա հերոսները, մեր լուսերես տղաները, որոնք հերոս են բառիս բուն իմաստով, հերոս են իրենց սխրանքներով, անձնվիրությամբ: Անմահացած այդ քաջերի, հայրենի երկիրն իրենց արյամբ սրբացրած հայորդիների տասներեք անուն է. ՀՊՏՀ ուսանողներ Դավիթ Գրիգորյան, Կարեն Մարգարյան, Զաքար Սերոբյան,   Միքայել Մուրադյան,  Խաչատուր Միքայելյան, Հայկ Արշակյան, Արտակ Մարտիրոսյան,  Ալբերտ Բախշյան, Հայկ Եղիազարյան, Հարութ Հովհաննիսյան, Արեն Առաքելյանը, Սերյոժա Ղուկասյան, Պավել Մանուկյան: Խոնարհվում ենք նրանց սուրբ հիշատակի առջև:

Պրոֆեսոր Արարատ Հակոբյանի «Հայոց պատմություն (հնագույն շրջանից մինչև մեր օրերը)» գրքից վերցված Արցախին նվիրված հատվածները վերջին հարյուրամյա ժամանակաշրջանի անդրադարձներն են և հնարավորություն են տալիս թարմացնելու պատմական հիշողությունը, հասկանալու ներկան, ուղենշելու ապագան:

Ապագան` երիտասարդության ափերում է, այն երիտասարդության, որն իր ներկան տեսնում է կրթության, զարգացման մեջ, ծառայում հայրենիքին և հարկ եղած դեպքում կրկին զենք վերցնում` պայքարելու ոխերիմ թշնամու դեմ, պաշտպանելու իր հողն ու տունը. ներկայացնում ենք մեր ուսանող-զինվորներին, որոնք սխրանքներ են գործել և ողջ-առողջ շարունակում են ծառայել հայրենիքին:

Դոցենտ Զուխրա Երվանդյանի բանաստեղծական շարքը գեղարվեստական արտահայտչականությամբ խոսում է հեղինակի տառապանքի, ցասման մասին, դառնում սիրուց ու ցավից ծնված ձոն հայրենիքին:

Պատերազմական օրերին թիկունքը փորձում էր ամեն կերպ օգտակար լինել հայրենիքի պաշտպաններին: Բուհի ղեկավարությունը, աշխատակիցները, ուսանողական խորհուրդը, ուսանողությունը, մեկ բռունցք դարձաձ, հնարավոր բոլոր միջոցներով աջակցում էին ռազմաճակատին. նաև այս մասին է պատմում ամսագիրը:

Վերհիշում ենք 2020-2021 ուսումնական տարեսկիզբը, որն անսովոր կերպով մեկնարկեց ու կարճատև եղավ: Այնժամ դեռ չգիտեինք գալիք արհավիրքի` պատերազմի մասին, և մեր պայքարը միայն թագավարակի դեմ էր: Պատերազմին զուգահեռ նա էլ կործանարար եղավ ու մեզանից խլեց թանկ ու հարազատ մարդկանց. հիշատակի խոսք ենք ասում մեզանից հեռացած, մեր սիրելի գործընկերների մասին` Վարդան Սարգսյանի, Աշոտ Սալնազարյանի, Ռազմիկ Պետրոսյանի, Գագիկ Չատինյանի, Կառլեն Սարգսյանի:

Այս համարում տեղ են գտել նաև մեր ավանդական խորագրերը`«Տնտեսական խճանկար», «Ամենակարևորի մասին», «ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում»: Ներկայացված են նաև բուհի 45-ամյակին նվիրված լուսանկարային տարեգրության շարունակությունը, 2020 թ. տնտեսագիտության Նոբելյան դափնեկիրերը:

Ամսագրի նոր` աշնանային համարը կարող եք տեսնել այստեղ։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին