Այսօր Մայրենի լեզվի օրն է․ չդադարենք սիրել ու փայփայել այդ նվիրական պարգևը

21.02.2022
Դիտումների քանակ՝ 1479

Փետրվարի 21-ին աշխարհը տոնում է Մայրենի լեզվի օրը (International Mother Language Day)։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ՝ այն որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման միջազգային օր նշվում է 2000 թվականից։ Աշխարհի 6000 լեզուներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գնահատականով, այսօր կորստի մատնվելու եզրին են։

Այս տարի Մայրենի լեզվի օրը աշխարհը նշում է «Տեխնոլոգիաների օգտագործումը բազմալեզու ուսուցման համար. մարտահրավերներ և հնարավորություններ» (“Using technology for multilingual learning: Challenges and opportunities”) կարգախոսի ներքո։

Մայրենի լեզվին լավագույնս տիրապետելը դյուրին ճանապարհ չէ․ դա մի անվերջանալի ընթացք է, որը մեզ անընդհատ պետք է մղի զարգացման ու կատարելագործման։ Կարևորը՝ որ այդ ճանապարհին երբեք չկորցնենք մեր ազգային լեզվամտածողությունը, չէ՞ որ, Վահագն Դավթյանի բառերով ասած՝ «Այն լեզուն, որ նախագրային շրջանում կարողացել է Գողթան երգեր ստեղծել, այն լեզուն, որ գրավոր դառնալուց անմիջապես հետո կարողացել է Աստվածաշունչ թարգմանել, այն լեզուն, որ այն պահին, երբ թվում էր մահանա պիտի, Չարենց է ծնել, այդ լեզուն չի կարող մահանալ...»։ Ի դեպ, հենց այս օրն է վախճանվել հայոց լեզվի նկատմամբ խոր հավատ ունեցող բանաստեղծը, որ խոստովանել է՝ իր ամենամեծ սերերից մեկը հայոց լեզուն է։

Հետևաբար, ի՞նչը կարող է խանգարել մեզ առանց վերապահության սիրել, սնել, շահել-պահել մեր մայրենի լեզուն, որ, գալով դարերի խորքից, ամեն օր կրկին նոր շունչ է առնում մանկան շուրթերին։

Դե ուրեմն, միանանք մեծ հայագետ Արսեն Ղազիկյանի տենչանքին․ «Զիս պահապան հրեշտակ հայ լեզվին կկոչեք․ ուր էր թե ունենայի հրեշտակի մը թևերն ու թռիչքը, թռչեի հասնեի քաղաքե քաղաք, դռնե դուռ, և ամեն հայու սրտին մեջ հրդեհներ հանեի, հայ լեզուն սիրելու, գգվելու, անոր վրա գուրգուրալու»։