ՀՊՏՀ-Ցվիկաոյի կիրառական գիտությունների համալսարան․ կայացել է մագիստրոսական ծրագրի մեկնարկի պաշտոնական միջոցառումը

28.11.2023
Դիտումների քանակ՝ 732

Սույն թվականի նոյեմբերի 20-24-ը Գերմանիայի Ցվիկաոյի կիրառական գիտությունների համալսարանում ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը և միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանը մասնակցել են ՀՊՏՀ-ի և նշյալ համալսարանի կողմից համատեղ իրականացվող «Կառավարման տեղեկատվական համակարգեր» կրկնակի աստիճանաշնորհման մագիստրոսական ծրագրի մեկնարկի պաշտոնական միջոցառմանը և հաջորդիվ քննարկումներին։

Մագիստրոսական կրթական այս ծրագրով ընդունված և Գերմանիայում ուսումնառող առաջին կուրսեցիների համար Դիանա Գալոյանը հանդես է եկել ողջույնի խոսքով՝ ներկայացնելով ՀՊՏՀ-ն։ Ուսանողները ՀՊՏՀ ռեկտորին են ուղղել բազմաթիվ հարցեր՝ կապված ուսումնառության երրորդ կիսամյակը ՀՊՏՀ-ում անցկացնելու հետ։ Հետաքրքրված ուսանողներին ներկայացվել են կրթական ծրագրին վերաբերող մանրամասներ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերջիններիս հետ պարբերաբար իրականացնելու տեղեկատվական հանդիպումներ։

Մագիստրոսական կրթական ծրագրով առաջին տարվա աշնանային կիսամյակում Ցվիկաոյի կիրառական գիտությունների համալսարանում ուսումնառում են ՀՊՏՀ 6 ուսանողներ։

Կրկնակի աստիճանաշնորհման մագիստրոսական ծրագիրը մշակվել է «Ասիայում և Կովկասում թվային կրթության միջազգայնացում» (IDEA) նախագծի շրջանակում, որը ֆինանսավորվում է Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայության (DAAD) կողմից։

Ծրագրի մեկնարկի պաշտոնական միջոցառմանը ներկա էին նաև Կիրառական ինֆորմատիկայի ղրղզ-գերմանական ինստիտուտի (Բիշքեք, Ղրղզստան), Միջազգային սևծովյան համալսարանի (Թբիլիսի, Վրաստան) և Ղազախ-ամերիկյան ազատ համալսարանի (Ուստ Կամենոգորսկ, Ղազախստան) ներկայացուցիչները։

Այցի ընթացքում ՀՊՏՀ պատվիրակներն առանձին հանդիպումներ են ունեցել Ցվիկաոյի կիրառական գիտությունների համալսարանի ռեկտոր պրոֆեսոր Ստեֆան Կասսելի, Բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Մաթիաս Ռիխտերի, պրոֆեսոր Քրիստիան-Անդրեաս Շումանի, պրոֆեսոր Քրիստիան Բրաուվեյլերի, ինչպես նաև ծրագրի համակարգող Ստեֆան Նոակի հետ։

Վերջիններիս հետ քննարկվել են ՀՊՏՀ-ի և Ցվիկաոյի կիրառական գիտությունների համալսարանի միջև հետագա համագործակցության հեռանկարները, «Կառավարման տեղեկատվական համակարգեր» կրկնակի աստիճանաշնորհման մագիստրոսական ծրագրի իրականացման վերաբերյալ հարցեր։