5 օր Հայաստանում. «Էրազմուս+»-ի շրջանակում ՀՊՏՀ-ն հյուրընկալել էր գործընկեր համալսարանների պրոֆեսորների

15.06.2022
Դիտումների քանակ՝ 1250

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում հունիսի 6-10 «Էրազմուս+» ծրագրի շրջանակում հյուրընկալվել էին ՀՊՏՀ գործընկեր համալսարանների չորս դասախոսներ՝ Հունգարիայի Միշկոլցի համալսարանի պրոֆեսորներ Իստվան Կունոսը, Դանիել Քութորը, Զոլտ Պալը և Լեհաստանի Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանի պրոֆեսոր Ագնիեսկա Պոչտան։

ՀՊՏՀ միջազգային ծրագրերի կենտրոնում օտարերկրյա հյուրերին ողջունել են արտաքին կապերի դեպարտամենտի տնօրեն Լուսինե Դանիելյանը, միջազգային կապերի բաժնի աշխատակիցները, բուհի դասախոսներ, քննարկել համագործակցության հետագա ուղիները։ Միջազգային կապերի բաժնի աշխատակից Սոնա Աղաբաբյանը ներկայացրել է մեր երկիրը, նրա գրավչությունը, ապա՝ Հայաստանի միակ պետական տնտեսագիտական բուհը, առաջարկվող մասնագիտությունները, ուսումնական ծրագրերը, միջազգային կապերը։

ՀՊՏՀ տարբեր ֆակուլտետների ուսանողների համար պրոֆեսորները դասախոսել են. Իստվան Կունոսը՝ «Քոուչինգ. տեսություն և պրակտիկա» (Coaching: theory and practice), Դանիել Քութորը՝ «Բիզնես, տվյալներ և տեղադրում. ինչպես հավաքել, վերլուծել և ներկայացնել աշխարհագրական հղումով տվյալներ, տարբեր դեպքերի ուսումնասիրություններ» (Business, Data and Location - How to collect, analyse and introduce data with geo-reference, lessons from different case studies), Զոլտ Պալը՝ «Տվյալների արտացոլման միտումները» (Trends in data visualisation), իսկ Ագնիեսկա Պոչտան՝ «Աջակցություն գյուղատնտեսությանը ԱՀԿ կանոնակարգերի համատեքստում» (Support for agriculture in the context of the TWO regulations) թեմաներով։

Հյուրերը շրջել են համալսարանում, եղել «Ամբերդ» կենտրոնում, ծանոթացել հետազոտական ուղղություններին, ապա առանձին մասնագիտական քննարկումներ ունեցել ոլորտային հետազոտողների հետ։

Հայաստանյան այցն ամբողջացել է զբոսաշրջային տուրերով, պրոֆեսորները եղել են մեր երկրի տեսարժան վայրերում, ծանոթացել ազգային մշակույթին։ Լեհ և հունգարացի հյուրերը Հայաստանից ու ՀՊՏՀ-ից մեկնել են վառ ու անկրկնելի տպավորություններով։