ՀՊՏՀ-ում կայացավ «Ժան Մոնե մոդուլի» շրջանակում հերթական կլոր սեղանը

13.06.2022
Դիտումների քանակ՝ 1702

«ԵՄ քաղաքականությունը, գործող կարգավորումներն ու վարչական կառուցվածքը» «Ժան Մոնե մոդուլի» շրջանակում այսօր ՀՊՏՀ-ում կայացավ հերթական կլոր սեղանը՝ «ԵՄ ներդրումային փաթեթը Հայաստանի համար» թեմայով։ Քննարկմանը մասնակցում էին Գդանսկի համալսարանի (Լեհաստան) դասախոսներ Մագդալենա Մոսիոնեկ-Սչվեդան, Աննա Գոլեևսկան, ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնի դասախոս Հերմինե Պողոսյանը, միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս Տաթև Վարդանյանը, ինչպես նաև բուհի միջազգային կապերի բաժնի պետ Անժելիկա Մուսայելյանը, նույն բաժնի աշխատակիցներ Սոնա Աղաբաբյանը և Անի Պետրոսյանը։ Քննարկումը վարում էր ՀՊՏՀ միջազգային տնտեսական հարաբերությունների ամբիոնի դասախոս Ալբերտ Հայրապետյանը։

Կլոր սեղանի մասնակիցները մանրամասնորեն քննարկեցին այն բոլոր քաղաքական ռիսկերը, որոնք խոչընդոտում են ներդրումային միջավայրի բարելավմանը։ Լեհաստանցի հյուրերը ներկայացրին հիմնական ծրագրերը, որոնք Լեհաստանի Կառավարությունն իրականացրել է ներդրումային միջավայրի բարելավման համար։ Ալբերտ Հայրապետյանը նշեց, որ լեհական փորձը կարող է կիրառելի լինել նաև Հայաստանի համար։

Քննարկման երկրորդ հատվածում ներկայացվեցին ներդրումային դաշտի բարելավման վերաբերյալ գաղափարներ և կարծիքներ։ Առանձնահատուկ անդրադարձ կատարվեց ՀՀ-ում ԵՄ-ից օտարերկրյա ներդրումների ներգրավման հնարավորություններին։

Մեզ հետ զրույցում, ամփոփելով կլոր սեղանի արդյունքները, Ալբերտ Հայրապետյանն ասաց, որ քննարկումը բավականին արդյունավետ էր, իսկ բանախոսների առաջարկած բազմաթիվ լուծումները կարող են կիրառվել այլ հետազոտական ծրագրերում նույնպես։